Գերմանիան ծրագրում է Թուրքիայում կառուցել սեփական ավիաբազան
Նմանատիպ
Գերմանիան ծրագրում է Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայի տարածքում սեփական բազան կառուցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Spiegel Online-ը:
«Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) պատրաստվում են Սիրիայում «Իսլամական պետության» դեմ երկարատեւ պայքարի, ինչը ԳԴՀ-ի ավիացիան իրականացնում է Թուրքիայի տարածքից», -գրում է գերմանական կայքը:
Հղում կատարելով Բունդեսվերի ներքին փաստաթղթերին` կայքը հայտնում է, որ Գերմանիան ծրագրում է 65 մլն եվրո հատկացնել սեփական թռիչքուղու, գերմանացի զինծառայողների բնակարանների կառուցման եւ ավիաբազայի ամբողջական հանդերձավորման համար: Բացի այդ, Բունդեսվերը Անկարայի հետ բանակցություններ է վարում այնտեղ գերմանական զինծառայողների երկարաժամկետ բազավորման շուրջ:
Ենթադրվում է, որ առաջիկա կես տարում մոտ 10 մլն եվրո կծախսվի Tornado հարվածային-հետախուզական կործանիչների եւ լցավորող ինքնաթիռների համար թռիչքուղու վրա: ԳԴՀ-ի ՊՆ-ն ծրագրում է լրացուցիչ մոտ 15 մլն եվրո հատկացնել 400 զինծառայողների համար զորանոց կառուցելու համար: Գերմանացիները նաեւ պատրաստվում են կառուցել սրճարան եւ հանգստի գոտի, ինչի համար ծրագրվում է ծախսել 4,5 մլն եվրո: Նախագծի մեծ մասը ծրագրվում է ավարտել արդեն 2017 թվականի ամռանը: Դրա հետ, կայքը նաեւ հավելում է, որ նախագծի իրականացման շուրջ վերջնական որոշումը դեռեւս ընդունված չէ:
ԱՄՆ-ի օդային ուժերը ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցումից հետո վարձակալել են Ինջիրլիք ավիաբազան՝ Մերձավոր Արեւելքի տարածքներն այնտեղից վերահսկելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում