Հաշվարկներն արվում են հօգուտ հաղթողի. որևէ համանախագահից հողերի վերադարձ պարտադրելու միտում չկա այսօր

Հաշվարկներն արվում են հօգուտ հաղթողի. որևէ համանախագահից հողերի վերադարձ պարտադրելու  միտում չկա այսօր

Ադրբեջանի հաշվարկն էր երկու օրում փոխել ստատուս քվոն ռազմական ուժի միջոցով, ինչը սակայն ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերը կասեցրին երկու ժամում: Այլ կերպ՝ ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սկսած ապրիլյան ռազմական գործողությունները շանտաժ էին ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի նրանք բերեն առաջարկներ, որտեղ գրված լինի, որ Ղարաբաղն իրենց են հանձնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ հիշեցրեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է տարածքների հանձման խոսակցություններին, Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ ՀՀ երեք նախագահներն էլ կողմ են եղել «տարածք կարգավիճակի դիմաց» պայմանին. «Բոլոր առաջարկությունները, որոնք եղել են՝ փուլային, քիվեսթյան, փաթեթային, իր մեջ նախատեսում է տարածքների վերադարձ և ԼՂ կարգավիճակ, կամ  հիմա բանակցային սեղանին դրված են մադրիդյան սկզբունքները, Կազանի սկզբունքները, դա նույնն է: Որն է հայկական կողմի մոտեցումը՝ Ղարաբաղի անկախության ճանաչում, ցամաքային կապ ՀՀ-ի հետ և միջազգային անվտանգության երաշխիքներ: Այս լուծմանը չի գնում Ադրբեջանը, նա չի ուզում որևէ քննարկման գնալ ԼՂ կարգավիճակի շուրջ՝ ասելով, որ ԼՂ-ը պետք է լինի իր կազմում, որին չի համաձայնվում ոչ ՀՀ-ն, ոչ ԼՂՀ-ն: Որևէ համանախագահ չի կարող այսօր ՀՀ-ին կամ Արցախին պարտադրել վերադարձնել տարածքներ, և այսօր այդպիսի միտում չկա: Երբ ասում են, որ ստատուս քվոն ձեռնտու է հայկական կողմին կամ ՌԴ-ին, ոչ, ստատուս քվոն պահում է Ադրբեջանն իր կոշտ դիրքորոշումով: Այնպես որ հողերի վերադարձի մասին խոսք չի կարող գնալ: Կրկնում եմ՝ համանախագահ որևէ երկիր մեզ չի կարող դա ստիպել անել, մենք էլ դրան չենք գնա»:

Այս համատեքստում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի նպատակներին, պաշտպանության նախկին նախարարը նշեց՝ ասվեց, որ վստահության նախապայմաններ են պետք՝ բանակցությունները սկսելու համար, և պետք է մտածել ինչպես զինադադար հաստատել և մշակել այն մեխանիզմները, որոնք թույլ կտան արձանագրել,  թե որ կողմն է խախտողը: Երկրորդ՝ շեշտվեց, որ  Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահությունը ստաննձնած երկիր, իր վրա է վերցրել այդ մեխանիզմի տեղակայման պարտավորությունը, որին ռուսական կողմը կաջակցի: Հարությունյանն այն կարծիքին է, որ Գերմանիան կփորձի ճնշել Ադրբեջանին, վերջինս էլ կհամաձայնի կատարել առաջարկները, բայց ինչպես միշտ չի կդրժի խոստումը:

Ըստ նրա՝ առաջիկա ժամանակներում հայկական կողմը բանակցությունների չի նստի՝ միաժամանակ նկատելով, որ վերջին ռազմական գործողություններից հայկական կողմի օգտին միավորներ գրանցվեցին՝  քառօրյա պատերազմի այս բարբարոսությունները հաստատեցին, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, երկրորդ՝ Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով  լուծել խնդիրը. «Միջազգային հանրությունը, պետությունները հաշվարկում են, թե որ կողմը կարող է հաղթել և ըստ այդմ էլ կառուցում են դիվանագիտությունը, իսկ Ադրբեջանը փաստացի պարտված դուրս եկավ»:

Times.am-ի հիշեցմանը, որ Արցախի ղեկավարությունն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հասկացրել են, որ ԼՂՀ-ն չի կարող ընդունել մի փաստաթուղթ՝ մադրիդյան սկզբունքները, որի մշակմանը  չեն  մասնակցել, Հարությունյանն արձագանքեց.  «Դուք ճիշտ եք ասում, ես խոսում եմ ՀՀ-ի մասին, Ղարաբաղը մի քիչ այլ տեսակետ ունի. ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված են ազատագրված տարածքները: Հիմա Ղարաբաղի տեսակետը դա է, ինչ կլինի հետո, կտեսնենք»:

Այստեղ Վաղարշակ Հարությունյանը բացատրեց՝ տարածքների զիջումը  հանգեցնելու է  ռազմաքաղաքական բալանսի փոփոխության հօգուտ Ադրբեջանի, ուստի այն վիրտուալ խոսակցության թեմա չէ.«Առաջին՝ շփման գիծը մեծանալու է գրեթե 2 անգամ, իսկ դրա համար ռեսուրսներ են պետք, բանակի քանակի ավելացում: Երկրորդ՝ մենք հանձնում ենք այն դիրքերը, որոնք 22 տարի ուժեղացրել ենք, երրորդ՝  այս շրջանները մեր անվտանգությունն ապահովում են քիչ միջոցներով, և եթե մեկ շրջան ենք հանձնում, հասանելի են դառնում քաղաքները՝ Մարտունի, Մարտակերտ, հրետանին հասնելու է, չորրորդ՝ կորցնում ենք բլոկադային և ֆրոնտալ ճանապարհները, որոնք ապահովում են զորքերի արագ տեղաշարժը, կապը ՀՀ-ի հետ ենք կորցնում, մնում է Լաչինը, որը շարքից հանելու համար մեծ միջոցներ պետք չեն, հինգերորդ՝ կորցնում ենք ՀՀ-ի հետ կապը, մնում է Լաչինը, իսկ այս ճանապարհը շարքից հանելու համար մեծ միջոցներ պետք չեն: Այնպես որ տարածքների հանձնումը վիրտուալ խոսակցություն չի, որ արվում է: Հիմա եթե Ադրբեջանն այդ առավելությունը չունի ու չի համաձայնվում որևէ կարգավիճակի մասին խոսել, երբ հանձնենք՝ կգնա՞ դրան, իհարկե՛ չի գնա, այնպես որ մենք էլ չենք գնա»: 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում