Ֆրանսիացի նախարարը խաղաղության կոչ է բերել տարածաշրջան

Ֆրանսիացի նախարարը խաղաղության կոչ է բերել տարածաշրջան

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը Երևանում հայտարարեց, որ տարածաշրջան է այցելել խաղաղության կոչով: «Ֆրանսիան, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ցանկանում է, որպեսզի այն ապրի խաղաղ ու բարեկեցիկ պայմաններում, քանի որ պատերազմը բավականին զոհերի է հանգեցրել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիականներ ի շրջանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը` հավելելով, որ իր կոչն է կողմերին վերսկսել բանակցային գործընթացը:

Հառլեմ Դեզիրը վստահեցրեց, որ Ֆրանսիան և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները ջանք չեն խնայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Մեր ամերիկացի ու ռուս գործընկերների հետ գործի ենք դնում մեր բոլոր ջանքերը, որպեսզի կենսագործվեն Մադրիդյան սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության իրավունքները: Այս երեք սկզբունքների հիման վրա է, որ պետք է հաստատվի խաղաղությունը»,- նշեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղարը` շեշտելով, որ առաջնայինը հրադադարի ռեժիմի պահպանումն ու հետաքննող մեխանիզմների ներդրումն է:

Նախարարը տեղեկացրեց, որ առավոտյան ՀՀ նախագահի ու արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ Ֆրանսիան իր բոլոր ջանքերով Հայաստանի կողքին է: «Խաղաղության իմ այս ուղերձը ես նաև կհնչեցնեմ վաղը Բաքվում քաղաքական իմ հանդիպումների ընթացքում»,-ասաց նախարար Դեզիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում