Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի են ունեցել Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողություններ
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի են ունեցել ոգեկոչման արարողություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 22-ին Աբու Դաբիի Ս.Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի նախագահությամբ մատուցվել է ապրիլյան սուրբերին նվիրված ժամերգություն, որին հետևել են Աբու Դաբիի Արա Խանոյան կիրակնօրյա վարժարանի աշակերտների և ազգային վարչության երգչախմբի ելույթները:
Հրավիրյալ բանախոսն էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տեղեկատվական և միջեկեղեցական գրասենյակի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, ով ներկայացրել է «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը և Կիլիկիոյ Սիսի դատը»:
ԱՄԷ և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի ամփոփիչ խոսքին հետևել է մոմավառություն Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի առջև:
Ապրիլյան սուրբերին նվիրված ժամերգություն է մատուցվել նաև ապրիլի 23-ին Շարժայի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ նախագահությամբ ԱՄԷ և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի:
Դասախոսությամբ հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տեղեկատվական և միջեկեղեցական գրասենյակի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը:
Օրվա խորհրդի վերաբերյալ ուղերձում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, մասնավորապես, անդրադարձել է ապրիլ ամսվա սկզբին տեղի ունեցած պատերազմական գործողություններին, միասնական հայ ժողովրդին և նրա մարտիրոս որդիներին:
Ոգեկոչման արարողություններին ներկա էին դիվանագետներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում