Հայկական զինված ուժերը շարունակելու են զենք-զինամթերքի ձեռքբերումը
Նմանատիպ
Հայկական զինված ուժերը մշտապես ձեռք են բերել և շարունակելու են գնել զենք-զինամթերք: Այս մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական զինված ուժերի ձեռքբերումները փուլային բնույթ չունեն, մշտականոն գրաֆիկով են եղել: 2004-05 թվականից հետո դրանք աննախադեպ մասշտաբի են եղել: 2012-13 թթ. ՀՀ Նախագահն ասաց, որ աննախադեպ քանակի զենք-զինամթերք ենք ձեռք բերել, բայց մենք լուրին մատների արանքով նայեցինք: Մենք զենքեր ենք ձեռք բերում մշտապես, մի կապեք դա 200 միլիոն վարկի հետ: Եղել է և շարունակվում է, այդ թվում՝ նորագույն զենքերի ձեռքբերումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` խորհրդային ռազմաարդյունաբերությունը մեզ ոչինչ չի տվել:
«Հայաստանում եղած ձեռնարկությունների 99 տոկոսն ինքնուրույն արտադրանք չէին տալիս, եթե տալիս էին, ապա այնպիսիք, որոնք կիրառելի չեն»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` ռուսական զենքերի դեպքում 90-ականների, առավել ևս՝ 2000-ականների զենք հասկացություններ գոյություն չունեն:
«Ամբողջ աշխարհում ամենաառաջադեմ պետությունների մոտ զինատեսակների կեսը ստեղծվել են 70-80-ականներին, զինատեսակների բումն այն ժամանակ է եղել»,- ընդգծեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում