Միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, որ կարողանա կանխել բնակչության էգզիստենցիալ վտանգը. Ֆրանկ Էնգել

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, որ կարողանա կանխել բնակչության էգզիստենցիալ վտանգը. Ֆրանկ Էնգել

Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հարկ է համարել լինել  Արցախում  և  առաջին ձեռքից՝ ԼՂՀ ղեկավարությունից, ծանոթանալ ադրբեջանական գործողություններին, որոնք հայատյացության և հայաֆոբիայի հետևանք են:  Եվրոպացի պատգամավորն այն կարծիքին է, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը պայմանավորված է թուրքական գործոնով և  Ռուսաստանի երկակի գործելաոճով: 

«Այս պահին բանակցությունները և քննարկումներն ընդհատված են, քանի որ իրավիճակն է այդպես թելադրում, կարծում եմ, որ պետք է հարցն ավելի սուր դրվի և  խոսվի ԼՂ անկախության ճանաչման մասին:  Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել, քանի որ ապրիլից առաջ էլ, այս պատերազմական գործողություններից հետո էլ, ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել Ղարաբաղը»,– լրագրողների հետ հանդիպման ասաց ԵԽ պատգամավորը և հավելեց, որ այլևս ոչ ոք որևէ կասկած չպետք է ունենա Ադրբեջանի ագրեսիայի հարցում՝ հաշվի առնելով  ծեր մարդկանց սպանությունները, երբ կտրվել են նրանց ականջները, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմիների խեղման  և ԻՊ-ի ոճով կտրած գլուխները պտտելու փաստերը:

«Այս օրերին, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը, պետք է հստակ հասկանանք, որ մեկ այլ ցեղասպանություն կարող է  գործի դրվել նորից: Սա ստիպում է գալ այն եզրահանգման, որ ԼՂ բնակչությունն  էգզիստենցիալ վտանգի մեջ է, որը կանխելու համար միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը: Իրավաբանական բոլոր դատողություններն ունեն սահմանափակ բնույթ, ինչպես նաև Կոսովոյի հետ համեմատությունը: Կրկնում եմ՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, որպեսզի կարողանա կանխել բնակչության էգզիստենցիալ վտանգը»,- ընդգծեց նա՝ լրացնելով, որ իր եվրոպացի գործընկերների հետ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հասնեն ԼՂ անկախության ճանաչմանը:

Հարցին՝ արդյո՞ք Եվրոպական խորհրդարանում  այս հարցի շուրջ կոնսենսուս կա, Էնգելը խոստովանեց՝ ոչ:

Եվրոպացի պատգամավորը ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու  և հրադադարի խախտումները բացառելու համար կարևորեց եվրոպական ինստիտուտների և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի գործադրումը, որ Ադրբեջանն ընդունի միջազգային հետաքննական մեխանիզմների ներդրմանը և մշտադիտարկման առաջարկները:

«Եթե Ադրբեջանը չհամաձայնի սրան, ապա չենք կարող շարունակել  մեր համագործակցությունը ոչ մի ֆորմատով՝ Արևելյան գործընկերության, թե առևտրային այլ շրջանակներում»,-շեշտեց Էնգելը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում