Օսմանյան ընդհանու ՞ր ցավ, թե ՞ նեոօսմանական հակահարված
Նմանատիպ
2015թ-ից սկսած Հայոց ցեղասպանության նկատմամբ թուրքական ժխտողականությունը նոր փուլ թևակոխեց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ հանդես եկավ ցավակցական կոչով, որտեղ ցեղասպանությունը ներկայացվում էր, որպես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձություն, որը հավասարապես ցավ է պատճառել և հայ, և թուրք ժողովուրդներին: Դիվանագիտական այդ փայլուն հնարքը, որն առաջին հայացքից ճանաչման տարրեր է իր մեջ պարունակում, իրականում պատմության նորովի կեղծարարություն է:
Այս տարի ևս Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Պոլսի հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդին Ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրաիքարանի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատրերազմի տարիներին ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակին: Հղում եմ իմ ցավակցությունս նրանց թոռներին ու ծոռներին:Փոխըմբռնման, ինչպես նաև մարդասիրական և պատմական տեսլականի համաձայն մենք կշարունակենք պահպանել հիշողությունները: Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի և թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի: Անկախ էթնիկ և կրոնական ծագումից՝ ես նաև հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը»:
Ինչպես ակնհայտ է ուղերձից, այս տարի ևս Էրդողանը խոսում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհված օսմանյան քաղաքացիների և ընդհանուր ցավի մասին: Պատմական անհերքելի փաստերի ժխտողականությունը Թուրքիայում նորովի փաթեթավորում է ստացել և աշխարհին ներկայացվում է ընդհանուր ցավի կեղծ թեզի ներքո: Թուրքիայի ներկայիս կառավարությունը, ի դեմս նախագահ Էրդողանի, նեոօսմանիզմի հիմնադրույթների կրողն է, որի կենսագործման ճանապարհին կրկին Հայաստանը խոչընդոտ է: Նեոօսմանականության զարթոնքի հիմնադիրի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է, ով իր ելույթներից մեկում խոստովանել է. «Կա ժառանգություն, որը թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նեոօսմաններ» ենք։ Հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա» : Այնուհետև Դավութօղլուն հստակեցրել է, որ Թուրքիան չի սահմանափակվելու մեկ գաղափարի իրականացմամբ, այլ իրար պետք է հաջորդեն Թուրքիայի ծավալապաշտական մյուս գաղափարախոսությունները. «Օսմանյան կայսրությունը մեր պատմության մի մասն է, իսլամը՝ մեր մշակույթի տարրերից մեկը։ Արևմտաեվրոպական ուղղվածությունը մեր պատմական փորձն է, թյուրքիզմը՝ գլխավոր շարժումը» , – նշել է նա։
Նեոօսմանականության մեջ առանձնացվում է 3 հիմնական բնութագրիչ` Օսմանյան կայսրություն` օսմանիզմ, որը փոխկապակցված է իսլամի հետ, թյուրքիզմ` ազգային ինքնագիտակցության պահպանման հիմնական գաղափարախոսություն, սույն գաղափարախոսության միջնորդությամբ՝ թյուրքախոս ժողովուրդներին օսմանիզմի դաշտ բերելու պարզագույն ճանապարհ: Թուրքիայի վարած ներկայիս արտաքին քաղաքականությունը վկայում է, որ Դավութօղլուի խոսքերն ունեն նաև գործնական կիրառելիություն: Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Բալկաններում, Հարավային Կովկասում, Ղրիմում, Աբխազիայում, Աջարիայում ապացուցում են, որ Թուրքիան նորովի է փորձում վերականգնել Օսմանյան կայսրությունը:
Այդ կապակցությամբ Թուրքիան կիրառում է նեոօսմանիզմի երեք հիմնական գործիք. 1. Երկրի ներսում և մուսուլմանական աշխարհի հետ (Մերձավոր Արևելք, Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա) գալ ընդհանուր համաձայնության։ Օսմանյան կայսրության մաս կազմող նախկին երկրներին օսմանիզմի դաշտ բերել «փափուկ» և հավասարակշիռ քաղաքականությամբ։ 2. Թուրքիան պետք է վարի դիվանագիտական և տնտեսական առավել ակտիվ քաղաքականություն՝ տարածաշրջանի առանցքային երկիր դառնալու համար։ 3. Նեոօսմանիզմի քաղաքականությունը Թուրքիային հնարավորություն է տալու Արևմուտքից «պոկել» այն, ինչը մուսուլմանական է՝ Բոսնիա, Ալբանիա, Կոսովո, անգամ հիմնականում քրիստոնյա Մակեդոնիա և Բուլղարիա (հաշվի առնելով այս երկրներում մուսուլման բնակչության առկայությունը):
Այսպիսով, տեսնում ենք , որ Օսմանյան բիրտ ուժին համլրելու է եկել նաև փափուկ ուժի արսենալը: Մեծ Թուրանի գաղափարը կրկին ակտուալ է և, ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ հիմա հիմա Հայաստանը խոչընդոտ է այդ գաղափարի կենսագործման ճանապարհին: Որքան էլ Թուրքիան փորձեց իր նպատակների կենսագործման համար միայն փափուկ ուժ կիրառել, սակայն ժամանակի ընթացքում կրկին երկարացրեց իր արյունոտ ձեռքերը: Ցեղասպանության խարանը ճակատին Թուրքիան ներկայումս փորձում է իր չլուծված հաշիվները Ադրբեջանի միջոցով լուծել: Ապրիլ ամսին Արցախում թուրք-ադրբեջանական դուետի ձախողված բլից կրիկը ևս մեկ անգամ վկայեց, որ ինչպես հարյուր տարի առաջ երիտթուրքերը չկարողացան կենսագործել հայերի ոչնչացման իրենց ծրագրերը, այնպես էլ հիմա Արցախը գրավելու նրանց բոլոր ջանքերը դատապարտված են լիակատար անհաջողության:
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում