Հայաստանը նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում
Նմանատիպ
Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ’ նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարվա օգոստոսին այցելությունը Ջակարտա, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայաի հետ հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելուն, քաղաքական երկխոսությունը ակտիվացնելուն, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը սերտացնելուն, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, և մշակութային կապերը զարգացմանը և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում։
Նախարարը նաև նշեց, որ Հայաստանը կարևորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները՝ նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք և որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:
Դեսպան Նարյաթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերն է ներդնելու երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու և ընդլայնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում