ՀՀ Նախագահի վերջին հարցազրույցը կարևոր ուղերձների լայն շրջանակ է պարունակում. Կորյուն Նահապետյան

ՀՀ Նախագահի վերջին հարցազրույցը կարևոր ուղերձների լայն շրջանակ է պարունակում. Կորյուն Նահապետյան

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համապարփակ է համարում ՀՀ Նախագահի՝ «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նահապետյանն ընդգծեց, որ Նախագահն այդ հարցազրույցի ընթացքում հստակ պատասխաններ է տվել բոլոր հարցերին: «Այն ուղերձները, որոնք հնչել են, բավական լայն շրջանակ են ներառում: Ինչպես հայաստանյան հասարակությանը, այնպես էլ միջազգային հանրությանն ուղղված որոշակի շեշտադրումներ կային: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, այս քառօրյա պատերազմը պետք է լուրջ հետևությունների հանգեցնի մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Կորյուն Նահապետյանը խորհուրդ է տալիս հողեր զիջելու հետ կապված միանշանակ վերլուծություններ չանել՝ ընդգծելով, որ այդ մասով հանրապետության Նախագահի տված պատասխանները պետք է կապել նախորդ մասում հնչեցված մտքերի հետ, որոնք վերաբերում էին ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտությանը: «Խնդրում ենք՝ կոնտեքստից դուրս որևէ միտք մի առանձնացրեք և մի սևեռվեք այդ մտքի վրա»,- ասաց նա:

Կորյուն Նահապետյանը նաև վստահեցրեց, որ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների հայտարարություններում որևէ հակասություն չկա այսօր: «Այո, մենք միշտ ասել ենք, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին, և 1994 թվականի հրադադարի համաձայնագրով Արցախն ուղղակիորեն հաստատաված է որպես կողմ: Առանց Արցախի ժողովրդի որոշման, որևէ մեկը նրանց փոխարեն չի կարող կարգավորման վերջնական որոշում կայացնել»,- եզրափակեց պատգամավորը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Բլումբերգ» գործակալությանը: Հարցազրույցի առանցքում ապրիլի առաջին օրերին արցախյան ճակատում ծավալված պատերազմական գործողություններն են եղել և դրանց հետևանքով ԼՂ հակամարտության շուրջ նոր իրողությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում