Թրամփը վստահեցնում է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը «գերազանց հարաբերություններ» կունենան

Թրամփը վստահեցնում է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը «գերազանց հարաբերություններ» կունենան

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները հիանալի կլինեն, եթե ինքն ընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործարարը հայտնել է ապրիլի 26-ին Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ:

«Մենք գերազանց հարաբերություններ կունենանք Պուտինի եւ Ռուսաստանի հետ»,- նշել է միլիարդատերը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ կկարողանա ամրապնդել կապերը այլ պետությունների, այդ թվում՝ Չինաստանի հետ:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն այլեւս չպետք է իր վրա վերցնի Հյուսիսատլանտյան դաշինքի ծախսերի հիմնական մասը եւ թույլ տա մյուս պետություններին՝ օգտվել դրանից: Նա վստահություն է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերյալ ավելի վաղ իր հայտնած տեսակետներն ավելի ու ավելի մեծ աջակցություն են ստանում փորձագետների շրջանում: «Ես ասում էի, որ ՆԱՏՕ-ն հնացել է, որ շատերն են նրանից անվճար օգտվում,- ասել է Թրամփը:- Մենք ՆԱՏՕ-ն ֆինանսավորում ենք 72-73 տոկոսով: Կազմակերպության մեջ կա 28 երկիր, եւ նրանցից շատերն օգտվում են Միացյալ Նահանգներից: Նրանք պետք է վճարեն»:

Միլիարդատերը նաեւ նշել է. «Մեր երկիրը՝ 19 տրիլիոն դոլար պարտքով, այլեւս չի կարող դա իրեն թույլ տալ»: «Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք սիրում ենք մեր դաշնակիցներին, բայց նրանք այլեւս չեն կարող օգտվել մեր երկրից,- հավելել է գործարարը:- Այժմ արդեն այն իրադրությունը չէ, որը եղել է 40 կամ 20 տարի առաջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում