Ռուսաստանում ձերբակալվել է Սիրիայում ահաբեկիչ եղբորը գումար ուղարկող ադրբեջանցի

Ռուսաստանում ձերբակալվել է Սիրիայում ահաբեկիչ եղբորը գումար ուղարկող ադրբեջանցի

Ռուսաստանի Դաշնության Լիպեցկ քաղաքում Մոսկվայի ռազմական դատարանը ծագումով ադրբեջանցի Գաչայ Թաղը օղլու Հաջիեւին դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման եւ 200 հազար ռուբլի տուգանք վճարելու պատժաչափի: Ադրբեջանցին մեղադրվել է Սիրիայում գործող «Ջունդ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, քննությունը պարզել է, որ Լիպեցկի նահանգի Լեբեդյանի քաղաքում խնձորի առեւտրից վաստակած գումարների մի մասը Գաչայ Հաջիեւը պարբերաբար ուղարկել է Սիրիայում ահաբեկչական խմբավորման կազմում կռվող իր եղբորը` Ագիլին: Այդ կերպ նա մեկ տարվա ընթացքում 5 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել իր ահաբեկիչ եղբորը:

Ահաբեկչության դեմ պայքարի West Point կենտրոնի տվյալներով` 2013-2014 թվականներին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Ադրբեջանից միացել են 107, Թուրքիայից` 212 քաղաքացիներ:

The Soufan Group հետախուզական կազմակերպության փորձագետների կողմից կազմված վերջին` 2015 թվականի դեկտեմբերյան զեկույցում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում Իրաքում եւ Սիրիայում կռվող մարտիկների շարքում նշվում են նաեւ Ադրբեջանից ժամանած հարյուրավոր անձինք:

Նշվել էր, որ պաշտոնական տվյալներով ԻՊ շարքերում 104 ադրբեջանցիներ կան, իսկ ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը 216 է: Նշվել էր նաեւ, որ Սիրիայից եւ Իրաքից արդեն 49 մարտիկ վերադարձել է Ադրբեջան: Զեկույցում ընդգծվել էր, որ ԻՊ-ի կազմում կռվելու համար Ադրբեջանից ժամանում են հիմնականում Սումգայիթ, Շաբրան, Գուսար քաղաքներից հավաքագրված քաղաքացիներ:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 500-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ անել Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում