Իշխանությունն ընտական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու քաղաքական կամք ունի. Շարմազանով

Իշխանությունն ընտական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու քաղաքական կամք ունի. Շարմազանով

Հայաստանի իշխանության խնդիրն է քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ հասնել այնպիսի Ընտրական օրենսգրքի ընդունման, որը գործնականում կբարձրացնի մեր հանրության վստահությունը ընտրական գործընթացների և արդյունքների նկատմամբ: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը, իշխանությունը պատրաստ է փոխզիջումների, իշխանությունն առաջարկել և առաջարկելու է փոխզիջումային տարբորակներ, բայց խնդրանքս է, որպեսզի ընդդիմադիր մեր գործընկերներն էլ գիտակցեն այդ փոխզիջումների կարևորությունը: Փոխզիջումների, այլ ոչ թե միակողմանի զիջումների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Շարմազանովը հավելեց, որ քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս ասել են, որ պատրաստ են լսել ընդդիմությանը, բայց ընդդիմությունն էլ պետք է պատրաստ լինի իրենց լսել: «Չի եղել գրեթե մի ոլորտ, որտեղ իշխանությունը փոխզիջումային տարբերակ չի առաջարկել»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե հիմա Ընտրական օրենսգիրքը քվեարկության դնելու ժամանակը չէ՝ հիշեցնելով, որ օրենքները կարող են փոփոխությունների ենթարկվել նաև առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում: «Մենք պետք է քննարկենք, քվեարկենք, լսենք նոր առաջարկներ, այնուհետև երկրորդ ընթերցմամբ ու վերջնական ընդունենք այս կարևոր օրենքը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով մի խումբ պատգամավորների պնդումներին, թե Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող տարբերակը ոչ թե համամասնական, այլ քողարկված համամասնական համակարգ է՝ Շարմազանովը վստահեցրեց, որ առաջարկվող տարբերակը բացառապես համամասնական համակարգ է: «Սա համամասնական համակարգ է: Աշխարհի վրա համամասնականի տարբեր համակարգեր կան, և այն համակարգը, որ մենք առաջարկում ենք, կիրառվոքւմ է աշխարհի շուրջ 20 երկրներում: Ասում եք՝ ինչո՞ւ է բաց ցուցակ: Եթե քաղաքական ուժը ամեն ընտրատարածքում չունի 5, 10, 165 թեկնածու, որպեսզի առաջադրի, կներեք, էլ ո՞ ւմ է պետք նման քաղաքական ուժը: Բա այդ քաղաքական ուժերդ ձգտում եք իշխանափոխության: Բա առանց թիմի ձգտո՞ւմ են իշխանափոխության: Քաղաքականությունը լուրջ թիմային աշխատանք է պահանջում: Այո, կարևորում եմ այն ընդդիմադիր կուսակցությունը, որ պետք է ակտիվացնեն տեղական կառույցները, մասնակցեն ՏԻՄ ընտրություններին: Քա՞նի կուսակցություն գիտեք, որ մասնակցում են ՏԻՄ ընտրություններին: Պետք է մասնակցել այդ ընտրություններին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա անդրադարձ կատարեց նաև հնչող տեսակետներին, թե կայուն մեծամասնության մասին դրույթը ևս ընդունելի չէ, քանի որ սահմանափակվում են ընդդիմության հնարավորությունները: Շարմազանովի խոսքով՝ դա արվում է կայունության ապահովման համար: «Եթե մենք ցանկանում ենք մեր երկրում խնդիր լուծել, մենք պետք է ունենանք կայունություն, կայուն իշխանություն: Այդ կայունությունն անհրաժեշտություն է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում