Փարիզի ահաբեկչության մասնակից Աբդեսլամը հանձնվել է Ֆրանսիայի իշխանություններին

Փարիզի ահաբեկչության մասնակից Աբդեսլամը հանձնվել է Ֆրանսիայի իշխանություններին

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններ իրականացրած խմբի մասնակից Սալահ Աբդեսլամին ապրիլի 27-ի վաղ առավոտյան Բելգիայից տեղափոխել են Ֆրանսիա, որտեղ նրան մեղադրանքներ են ներկայացվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Derniere heur բելգիական թերթի կայքը՝ վկայակոչելով բանտի մի աղբյուրի, որտեղ պահվում էր ահաբեկիչը:

Թերթը, որի տեղեկությունները վերահաղորդել են բելգիական եւ ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ներ, ճշտում է, որ հանցագործին հանձնելու գործողությունը, որը կատարվել է խիստ գաղտնիության պայմաններում, բարեհաջող է անցել:

Այժմ Աբդեսլամը գտնվում է ֆրանսիական իշխանությունների հսկողության ներքո, ապրիլի 27-ին հաստատել է «Ֆրանս-24» հեռուստաալիքը:

2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 130 մարդ, ավելի քան 350-ը վերքեր են ստացել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանցագործությունների կազմակերպիչները հաստատվել էին Բելգիայում:

Մարտի 18-ին Բրյուսելում ձերբակալվեց Սալահ Աբդեսլամը՝ Փարիզում նոյեմբերյան հարձակումների գործով հիմնական կասկածյալը: Բելգիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ նա, հնարավոր է, նոր ահաբեկչական գործողություններ էր պատրաստում՝ այժմ արդեն այս երկրի տարածքում:

Աբդեսլամի ձերբակալումից չորս օր անց Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցան մի շարք պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվեց 31 մարդ, եւս 300 հոգի վերքեր ստացան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում