ՌԴ-ն հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո լայն հակաահաբեկչական ճակատի ստեղծման օգտին. Պուտին

ՌԴ-ն հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո լայն հակաահաբեկչական ճակատի ստեղծման օգտին. Պուտին

Սիրիայում ՌԴ-ի Օդատիեզերական ուժերի գործողությունները նպաստեցին իրադրության բեկմանն այդ երկրում ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ պայմաններ ստեղծեցին հակամարտության կարգավորման շուրջ երկխոսություն ծավալելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որը Մոսկվայի միջազգային անվտանգության V խոհրդաժողովի բացմանն ընթերցել է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Սիրիայում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի գործողությունները հուժկու հարված հասցրեցին ԴԱԻՇ-ին եւ մյուս ահաբեկչական խմբավորումներին, նպաստեցին իրադրության արմատական բեկմանը, բարենպաստ պայմաններ ստեղծեցին միջսիրիական երկխոսության առաջշարժման համար՝ ի շահ հակամարտության քաղաքական կարգավորման ապահովման»,- ընդգծել է Պուտինը համաժողովի հյուրերին եւ մասնակիցներին հղած ուղերձում:

Ռուսաստանը հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո լայն հակաահաբեկչական ճակատի ստեղծման օգտին, ասված է ՌԴ-ի նախագահի ուղերձում: Նա նշել է, որ միջազգային ահաբեկչությունն ընդունել է «աննախադեպ մասշտաբներ եւ, ըստ էության, մարտահրավեր է նետել քաղաքակրթությանը»:

«Այս գլոբալ սպառնալիքին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ են համաշխարհային ողջ հանրակցության ներդաշնակ, վճռական գործողությունները: Այդ խնդրի լուծմանն է միտված ունիվերսալ միջազգային-իրավական հիմքի վրա եւ ՄԱԿ-ի հովանու ներքո հակաահաբեկչական լայն ճակատի ստեղծման՝ ռուսաստանյան նախաձեռնությունը»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում