ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զեկույց կհրապարակի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զեկույց կհրապարակի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր է ապրիլի վերջին զեկույց հրապարակել գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովի մասնակիցներին գլխավոր քարտուղարի հղած ուղերձում:

«Այս ամսվա վերջին ես զեկույց կհրապարակեմ գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման մասին, որում վերլուծվում են գոյություն ունեցող խնդիրները եւ նախանշված է հետագա քաղաքականությունը»,- ասված է ուղերձում:

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ահաբեկչության եւ ծայրահեղականության մասշտաբների աճի պայմաններում ՄԱԿ-ի անդամ պետություններին առավել արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար ինքը համակարգման ամրապնդում է նախաձեռնել կազմակերպության շրջանակներում: Մասնավորապես, ակտիվացվել է հակաահաբեկչական միջոցառումների իրականացման նպատակային խմբի գործունեությունը, որի կազմի մեջ մտնում են 38 ստորաբաժանումներ:

Պան Գի Մունն իր ուղերձում ահաբեկչությունը համարել է «մեր ժամանակի առավել լուրջ մարտահրավերներից մեկը»: Նրա խոսքով՝ «ահաբեկիչներն ուղղակիորեն ոտնձգություն են կատարում ՄԱԿ-ի կանոնադրության եւ մարդու իրավունքների համընդհանուրր հռչակագրի դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում