Թրամփը հայտարարել հանրապետականների նախընտրական արշավում իր հաղթանակի մասին

Թրամփը հայտարարել հանրապետականների նախընտրական արշավում իր հաղթանակի մասին

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը դարձել է ապրիլի 26-ին հինգ նահանգներում՝ Քոննեքտիկուտում, Դելավերում, Մերիլենդում, Փենսիլվանիայում եւ Ռոդ Այլենդում, կայացած փրայմերիզների անվերապահ առաջատարը: Քվեարկության վերջնական արդյունքները դեռեւս ամփոփված չեն, սակայն Թրամփի հաղթանակի մասին նշում են երկրի գրեթե բոլոր առաջատար ԶԼՄ-ները:

Երեքշաբթի կայացած փրայմերիզների արդյունքում պետք է բաշխվեն հուլիսի 18-21-ը Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) հանրապետականների համագումարի պատվիրակների ձայները: Առայժմ, «Նյու Յորք թայմս» թերթի հաշվարկների համաձայն՝ Թրամփը երեքշաբթի կայացած քվեարկության արդյունքներով ապահովել է 110 պատվիրակների աջակցությունը: Միլիարդատիրոջ գլխավոր մրցակիցը՝ Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզը, ստացել է միայն երեք ձայն. հանրապետականների մրցարշավի երրորդ մասնակիցը՝ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը, ստացել է հինգ ձայն:

Երեքշաբթի օրվա փրայմերիզների նախնական արդյունքների հրապարակումից հետո Թրամփը հանդես է եկել հաղթական ճառով: Նա վստահություն է հայտնել, որ ըստ էության արդեն շահել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահ առաջադրվելու պայքարը:

«Կարծում եմ, որ իմ թեկնածությունը կառաջադրվի»,-ասել է նա՝ խոսելով կուսակցության՝ Քլիվլենդում կայանալիք համագումարի մասին: «Ինչ վերաբերում է ինձ, կարծում եմ, որ նախընտրական պայքարի այս փուլն արդեն ավարտված է»,- հավելել է միլիարդատերը: Խոսելով Քրուզի եւ Քեյսիքի մասին՝ Թրամփը նշել է. «Նրանք պետք է դուրս գան պայքարից, որովհետեւ նրանք հաղթելու հնարավորություն չունեն»:

Միլիարդատերը նաեւ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որը նախընտրական մրցարշավի ֆավորիտն է դեմոկրատների ճամբարում:

Թրամփը նշել է, որ Քլինթոնին հաջողվել է ընտրողների զգալի աջակցություն ապահովել միայն այն բանի շնորհիվ, որ նա թույլ սեռի ներկայացուցիչ է: «Միակ խաղաքարտը, որ նա խաղարկում է, կին լինելու քաղաքարտն է: Նա ուրիշ ոչինչ չունի»,- պնդել է միլիարդատերը՝ խոսելով նախկին առաջին տիկնոջ մասին:

Թրամփի կարծիքով՝ եթե Քլինթոնը տղամարդ լիներ, նրան չէր հաջողվի ապահովել ընտրողների նույնիսկ 5 տոկոսի աջակցությունը:

Հանրապետականների նախընտրական արշավի հաջորդ կարեւոր փուլը կդառնա Ինդիանայի նահանգում կայանալիք նախնական ընտրությունները: Դրանք նշանակված են մայիսի 3-ին: Խաղարկվելու են կուսակցության ազգային համագումարի պատվիրակների 57 ձայներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում