ԸՕ-ի 4+4+4 ձևաչափով քննարկմանը որոշ քաղաքական ուժեր մասնակցել են ընդամենը իմիտացիայի համար. Նաիրա Զոհրաբյան

ԸՕ-ի 4+4+4 ձևաչափով քննարկմանը որոշ քաղաքական ուժեր մասնակցել են ընդամենը իմիտացիայի համար. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկման արդյունքներին: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, թե իրենք ի սկզբանե հայտարարել են, որ այդ քննարկումից հետո կոնսենսուսի գալու ակնկալիք ԲՀԿ-ն չի ունեցել: «Ինչո՞ւ, որովհետև մեր քաղաքական մշակույթում փոխզիջումը, միմյանց տեսակետ լսելը, միմյանց տե սակետ հարգելը արդեն վաղուց դարձել է քաղաքական «կարմիր գրքում» գրելու ձևակերպում: Որոշ քաղաքական ուժեր այդ քննարկումներին մասնակցել են ընդամենը իմիտացիայի համար: Նրանց նպատակը ոչ թե կոնսենսուսն էր, այլ աղմուկը: Նրանց նպատակն այն էր, որպեսզի սոցիալական ցանցերում սուրճի հետ՝ որպես կարևոր աքսեսուար, ստատուսներ գրող որոշ աղանդավորական խմբավորումներ իրենց հանկարծ չմեղադրեն կոնսենսուսի գնալու մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ մասնակցելու է Ընտրական օրենսգրքի բոլոր ձևաչափերով քննարկումներին: «Իսկ մեր մասնակցությունն այդ քննարկումներին իրապես չի եղել իմիտացիոն: Մենք 20-ից ավել առաջարկներ ենք ներկայացրել, որոնց գերակշիռ մեծամասնությունը չի ընդունվել: Ես կրկնում եմ՝ ի սկզբանե պարզ էր, որ որևէ կոնսենսուս չի լինելու, որովհետև որքան մոտենում է ընտրական փուլը, այնքան որոշ քաղաքական ուժեր աշխատում են ոչ թե հանրության շահը սպասարկելու համար, նրանց մոտիվացիան ոչ թե լավ Ընտրական օրենսգիրք ունենալն է, այլ … այն , թե իրենց մասին սոցիալակյան ցանցում ինչ կգրի ինչ-որ մի ռադիկալ աղանդավորական խմբավորում: Սա է մեր իրականությունը: Ցավոք, մեզ մոտ երկխոսությունը, կոնսենսուսը վաղուց դուրս է եկել քաղաքական մշակույթից»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց սկզբունքային առաջարկներից մեկը եղել է այն, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ընտրություններին մասնակցեն մեկ միասնական փաստաթղթով, որովհետև տարբեր փաստաթղթերով մասնակցությունը կարող է խնդիրների առջև կանգնեցնել: «Բայց ես համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ եթե մենք կարողանում ենք ապահովել մատնահետքով էլեկտրոնային ճշգրտված համակարգ, որը հնարավորություն կտա ինչ-որ մի ժամանակահատվածում իդենտիֆիկացնել՝ քվեարկել է տվյալ անձը հանրապետության որևէ այլ տեղամասում, թե ոչ, դա լրջագույնս կլուծի կարևորագույն խնդիրը՝ բացառել կրկնաքվեարկությունը»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը կոչ արեց գոնե այն հարցերի շուրջ, որոնք կարևոր նշանակություն ունեն, ստորագրել միասնական դիմում միջազգային դոնոր կազմակերպություններին էլեկտրոնային գրանցման սարքերը ապահովելու համար: «Ես կարծում եմ, որ որևէ քաղաքական ուժ դեմ չէ, որպեսզի ընտրական բոլոր տեղամասերում ողջ գործընթացը տեսանկարահանվի: Որևէ քաղաքական ուժ, եթե իր նպատակը շոուն և դեմագոգիան չեն, դեմ չէ, որ էլեկտրոնային մատնահետքով կատարվի անձի նույնականացում: Եվ, եթե նրանք դեմ չեն, ապա պետք է անհապաղ դիմեն միջազգային դոնոր կամզակերպություններին՝ հասկանալու համար՝ կա՞ հնարավորություն առնվազն մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ ունենալ նման էլեկտրոնային երաշխավորված համակարգ: Եվ որքան մենք ձգձգենք, այնքան այդ հնարավորությունը նվազելու է, քանի որ մենք քննարկել ենք այս հարցը մի շարք կազմակերպությունների հետ, որոնք ասել են, որ անգամ մեկ տարին քիչ ժամանակ է դրա համար: Ուստի, մենք օր առաջ պետք է այս հարցով դիմենք միջազգային դոնոր կազմակերպություններին»,- եզրափակեց Զոհրաբյանը բոլոր քաղաքական ուժերին կրկին կոչ անելով կարևոր հարցերի շուրջ գալ միասնական դիրքորոշման և օր առաջ դիմ ել դոնոր կազմակերպություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում