Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ որևէ կապ չունի

Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ որևէ կապ չունի

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ որևէ կապ չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը: «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի 14 անդամները կդառնան կուսակցության անդամ, իսկ թե ով կգլխավորի կուսակցությունը, կորոշի համագումարը, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս կուսակցության հետ կապ չունի»,- «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ նշեց Օսկանյանը:

Օսկանյանի խոսքով՝ իրենք այդ կուսակցության ստեղծմամբ նոր մշակույթ են բերելու և կուսակցաշինության մեջ, և կուսակցության գործունեության մեջ էապես տարբերվելու են: «Մենք լինելու ենք բաց, լինելու ենք թափանցիկ, հնարավորություն ենք տալու յուրաքանչյուր անհատի, որ մաս կկազմի կուսակցությանը, յուրաքանչյուր երիտասարդի հնարավորություն ենք տալու իրեն դրսևորել կուսակցության մեջ, ապահովելու ենք նաև սերնդափոխություն: Մենք համարձակորեն խոսելու ենք այսօր երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրների մասին, թերությունների, մասին, ձախողումների մասին և կոնկրետ լուծումներ ենք առաջարկելու»,- ասաց նա:

Պատգամավորը վստահեցնում է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենք փորձելու են ներկայանալ որպես առանցքային քաղաքական բևեռ և ընտրությունների օրերին հանդիսանալ ժողովրդի հասարակության համար իսկական այլընտրանք իշխող քաղաքական ուժին:

Նրա խոսքով՝ կուսակցությանը ֆինանսական աջակցության համար լայն շրջանակների են ներգրավելու: Վարդան Օսկանյանը դիմելու է գործարարների, ուսանողների, տարբեր շրջանակների և փորձելու է հասարակությանը ներգրավել քաղաքական գործընթացներում: Վարդան Օսկանյանին դուր չեկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաի հրաժարականը պահանջելու մասին հարցը: «Լավ էլի, ուրիշ հարց չունե՞ք: Օդից ի՞նչ պահանջենք հիմա: Ես 25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել: Երբեք ես իմ կյանքում դա չեմ արել և չեմ պատրաստվում դա փոխել»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում