Ասպիրանտուրա ընդունված տղաների 10-ը տոկոսն է հետագայում զբաղվում գիտությամբ. Գործադիրը տարկետում չտրամադրելու օրինագիծ կներկայացնի

Ասպիրանտուրա ընդունված տղաների 10-ը տոկոսն է հետագայում զբաղվում գիտությամբ. Գործադիրը տարկետում չտրամադրելու օրինագիծ կներկայացնի

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին ՀՀ ԱԺ պատգամավոր  Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխանը հարցին, թե ինչու են  զինվորների մեծամասնությունն անապահով ընտանիքներից է: Նախարարը նշել էր, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ.«Կարծում եմ, որ հիմնականում միջին և բարձր խավերի ընտանիքների երեխաներն են, որ ընդունվում են բուհեր: Նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանատական կազմը, այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում»:

Պատգամավորի խոսքով, Սեյրան Օհանյանը ցույց է տվել օրենսդրական բացը՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ Թևան Պողոսյանի հետ միասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում էր  ուսման ընթացքում արական սեռի ներկայացուցիչներին զինծառայության համար տարեկետում չի տրվելու: Այսինքն՝ 18 տարին լրացած բոլոր արական սեռական ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում, սակայն խորհրդարանը մեկ տարով հետաձգեց նախագծի քննարկումը, իսկ կառավարությունը չի մերժել, բայց նշել՝  դրա համար քաղաքական կոնսենսուսի կարիք կա:

«Այս վերջին զարգացումները ցույց տվեցին, որ մենք պարտավոր ենք այդ հարցը լուծել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ասպիրանտուրայի 90 տոկոսը տղաներ են, բայց նրանցից 10-ը տոկոսն է հետագայում զբաղվում գիտությամբ. «Այսինքն՝ այն շահարկումը, որ գիտությունը կտուժի, այս օրինակը հուշում է, որ գիտությունն իրականում չի տուժում: Այն տուժում է այնքանով, որ ոչ  գիտության մարդիկ են մտնում ոլորտ և զբաղեցնում գիտությամբ զբաղվողների տեղերը»:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ի պատասխան վստահեցրեց, որ առաջիկայում օրենսդրական այս գաղափարը լրամշակված տեսքով ներկայացվելու է Խորհրդարան. «Բացառությամբ որոշ դեպքերի՝ մենք այդ լուծումը տալու ենք: Ինչո՞ւ եմ ասում լրամշակված, որովհետև կան որոշակի մասնագիտություններ, որոնք կարևոր են մեր ռազմական արդյունաբերության զարգացման համար, որտեղ մենք պատրաստվում ենք թողնել տարեկետման հնարավորությունը: Բացառությամբ որոշ դեպքերի, մենք տալու ենք այդ լուծումը»:

Ըստ այդմ՝ Դավիթ Հարությունյանը Ռուբեն Հակոբյանին կոչ արեց զերծ մնալ խորհրդարանում իր ներկայացրած նախագիծը քննարկելուց՝ ընդգծելով, որ կառավարությունը շուտով կներկայացնի իր տարբերակը. «Կարծում եմ, որ մենք կարող ենք ունենալ մեկ միասնական նախագիծ, որով կլուծենք ձեր բարձրացրած մտահոգությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում