Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կարգի հրավիրի իր սկսած գործողություններից «անտեղյակ» Ադրբեջանին. Նալբանդյան

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կարգի հրավիրի իր սկսած գործողություններից «անտեղյակ» Ադրբեջանին. Նալբանդյան

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարները կախված են նրանից, թե որքանով կբացառվեն այն հետևանքները, որոնք ստեղծվել են Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական լայնամասշտաբ գործողությունների արդյունքում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին՝ արդյո՞ք խաղաղության հեռանկար կա՝ հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները: 

«Միջազգային հանրության, եռանախագահող երկրների և Հայաստանի ջանքերն ուղղված են այդ հետևանքների բացառմանը, որպեսզի բացառվի կրկնությունը, ինչ տեղի ունեցավ ապրիլին: Դրա մասին էր ասում նաև Սերգեյ Լավրովը իր այցի ընթացքում: Միայն ասեկոսներ էին, թե նա ինչ-որ փաստաթուղթ է բերել, թե ինչ-որ բանակցություններ են վարվում: Եթե համապատասխան պայմաններ ստեղծված չեն, բանակցային գործընթացի էության մասին խոսել հնարավոր չէ»,- մանրամասնեց նա:

Նալբանդյանը շեշտեց, որ  Հայաստանը մշտապես կողմ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապարհով  կարգավորմանը, և սին են ադրբեջանական կողմի փորձերը   ներկայացնել, թե Հայաստանը հրաժարվում է բանակցություններից: 

«Դա սուտ է, Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, միշտ կողմ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը և Հայաստանը  երբեք չի հրաժարվել տարբեր մակարդակների հանդիպումներից: Եթե եղել են հանդիպումներ, որոնք չեն կայացել, դա եղել է միայն ադրբեջանական կողմի մեղքով: Վերջին նման դեպքը եղել է Վաշինգտոնում, որտեղ ադրբեջանցիները հրաժարվեցին հանդիպել նույնիսկ համանախագահների հետ»,-նշեց Նալբանդյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն անգամ 1994թ. կնքված եռակողմ զինադադարի ուժի մեջ լինելն է փորձում կասկածի տակ դնել:

Մասնավորապես, նման փորձեր են կատարվել դիվանագիտական կուլիսներում՝ Վիեննայում, Նյու Յորքում, ինչին հետևել է համանախագահների համապատասխան արձագանքը. «Նրանք ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ եռակողմ անժամկետ զինադադարի հաստատման և ամրապնդման համաձայնագրերը, որոնք կնքվել են 1994-1995 թթ. ուժի մեջ են և պետք է անխտիր իրականացվեն: Սա միջազգային հանրության, եռանախագահների կարծիքն է: Ադրբեջանն իր քայլով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հակադրվում է միջազգային հանրությանը: Նրանց դիվանագիտության կողմից սխալ հաշվարկներ էին»:

ԱԳ նախարարը  հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը  ձևացնում է, թե  տեղյակ չէ ինչպես եղավ, որ Արցախի դեմ ապրիլի 2-ին լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծվեցին, տեղյակ չէ, թե ինչքան զոհ են տվել դրա հետևանքով,  տեղյակ չեն, թե ինչ է նշանակում այն առաջարկը, որը վերաբերում է հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, տեղյակ չեն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռանախագահների 5 հայտարարություններից:

«Ես կարծում եմ, որ այդ անտեղյակների համար կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին և վերադարձնի բանակցությունների սեղան: Այն ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: Իսկ այսօր մեր հանդիպումներն ուղղված են նրան, որպեսզի հաղթահարվեն այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրվբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում»,– եզրափակեց Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում