Yerevan
17
+37°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Նադալ. Երբեք չեմ մտածել թենիսից հեռանալու մասին

Նադալ. Երբեք չեմ մտածել թենիսից հեռանալու մասին

Իսպանական Բանկի տեղեկատվական բաժնի տնօրեն Սաբադել Ռամոն Ռիվեյրայի հետ հետաքրքիր զրույցում աշխարհի հինգերորդ ռակետ Ռաֆայել Նադալը պատմել է վերջին հաջողությունների, «Մեծ Սաղավարտում» հաղթելու ծրագրերի, թենիսի ավանդույթների, Օլիմպիական խաղերի և այլնի մասին:

-Ռաֆայել, ինչպե՞ս եք Ձեզ զգում Մոնտե-Կարլոյի հաղթանակից հետո և առհասարակ, ի՞նչ սպասելիքներ կան:

-Ինձ լավ եմ զգում: Ավելի լավ, քան անցյալ տարի, սակայն, եթե այս զգացողություններն ամեն անգամ հաղթանակից չեն ծնվում, մի փոքր վատ ես զգում, դրա համար էլ այս շրջանն ինձ համար շատ կարևոր էր և ապացուցողական: Ինչ վերաբերում է սպասելիքներին՝ փորձում եմ ամեն անգամ հաջորդ խաղի մասին մտածել, ոչ թե եզրափակիչների, քանի որ մրցակցային բոլոր փուլերը բարդ են և հենց հաջորդ փուլն է առաջիկա նպատակդ: Նույնիսկ անհաղթելի Նովակ Ջոկովիչն է պարտվել Մոնտե-Կարլոյի առաջին փուլում: 

-Ծրագրերում կա՞ «Մեծ Սաղավարտի» մրցանակ նվաճելու կետը, «Ռոլան Գարրոսը» սարերի հետևում չէ:

-Դեռևս չեմ ցանկանում մտածել Ֆրանսիայի Բաց առաջնության մասին: Առջևում Մադրիդի և Հռոմի մրցաշարերն են, թեև, անխոս, մեծ ցանկություն ունեմ «Մեծ Սաղավարտի» տիտղոս նվաճելու: Հիմա իմ խնդիրն ավելի լավ հանդես գալն է:

-Անցյալ տարվա համեմատ ի՞նչ է փոխվել:

-Անցյալ տարի նյարդերս ու շնչառությունս չէի կառավարում, իսկ անհանգստությունն ու երբեմն նաև ճնշվածությունը թույլ չէին տալիս որակյալ և ճիշտ խաղ ցույց տալ: Հարկ եղավ հաղթահարել դա, ասել ինքս ինձ. «Սա պարզապես թենիս է»: Դա այն աշխատանքն է, որ թույլ է տալիս աստիճանաբար կատարելագործվել: Ես այն մարդկանցից եմ, ովքեր հեռահար նպատակների համար են աշխատում:

-Եվ Դուք շարունակո՞ւմ եք աշխատել այդ ուղղությամբ:

-Այո, քանի որ աշխատանքս ուղղված էր նրան, որ նորից կորտ դուրս գայի, ինձ լավ զգայի: Երբ հասկանում ես, որ ստանում ես դա, միանգամից միջինից բարձր արդյունք է ի հայտ գալիս: Անցյալ տարվա «US Open»-ից հետո կարողացա հասնել դրան, իսկ այս տարի՝ Ինդիան-Ուելսում և Մոնտե-Կարլոյում, որտեղ հոգեբանորեն շատ լավ էի պատրաստված:

-Իսկ անհաջողության պահերին մտածե՞լ եք ամեն բան թողնելու մասին:

-Երբեք թենիսից հեռանալու մասին չեմ մտածել: Միշտ ձգտում եմ դրական ուղղությամբ մտածել, իսկ կյանքի դժվարին պահերին պարզապես պատկերացնում եմ այն ժամանակները, երբ ամեն բան նորից լավ կլինի: Ես ուզում եմ պայքարել ու ջանալ, բայց եթե ոչինչ չի փոխվում, պետք է մի փոքր սպասել և մեկ ամիս չմարզվել: Տարվա ընթացքում ամեն բան ավելի լավ դասավորվեց:

-Աջից հարվածը Ձեր ուժեղ կողմն է, և դրանով Դուք հետ վերականգնեցիք նախկին հզորությունը: Սա գործերի հաջող ընթացքի վկայությո՞ւն է:

-Ագրեսիվ խաղը, կորտի խորքը գնալն է վկայությունը, որ գործերը լավ են ընթանում: Դա պատահականություն չէ: Ինչ վերաբերում է աջից հարվածներին, թերևս կարող եմ ավելացնել: Հաղթում եմ, թե պարտվում խաղի ընթացքում, միևնույն է՝ շարունակում եմ ուժեղ հարձակվել աջ կողմով:

-Նոր սերնդի միտումը հզոր հարվա՞ծն է:

-Գրունտային կորտում դա այնքան էլ նկատելի չէ, բայց արագ ծածկույթի վրա նոր սերունդն ագրեսիվ վարքագիծ է դրսևորում, խաղը կառուցում է հարվածների և հզոր հարձակումների վրա: Քիչ ուշադրություն դարձնելով մարտավարությանը՝ երիտասարդ թենիսիստները գնդակին անչափ ուժեղ են հարվածում:

-Գուցե պետք է կանոնները փոխել ավելի դիտարժան խաղին վերադառնալու համար…

-Թենիսի օրենքներում արդեն որոշակի փոփոխություններ արվել են: Կարծում եմ՝ պետք է այնպես անենք, որ մեր մարզաձևն ավելի դիտարժան դառնա: Թեև, դա ամեն դեպքում ինձ վրա ազդեցություն չի թողնի, քանի որ տարիներ են պետք ինչ-որ բան փոխելու համար:

-Որևէ առաջարկ ունե՞ք:

-Քանի որ ինքս ATP-ի մրցաշարերին եմ մասնակցում, որևէ հստակ գաղափար չեմ կարող առաջարկել, որովհետև դա այնքան էլ հեշտ չէ: Շատերը կարող են մտածել, թե միտումնավոր ինչ-որ բան եմ առաջարկում, որը օգտակար կլինի ինձ: Դրա համար էլ կանեմ այն, ինչ կա, բայց հնարավոր է՝ ապագայում ունենամ իմ ներդրումը:

-Խաղային օրացույցը ևս պետք է փոխե՞լ:

-Խնդիրն այն չէ, որ մրցումային տարին երկար է: Որքան շատ՝ այնքան լավ, քանի որ դա նշանակում է՝ ավելի շատ խաղացողներ կարող են ապրել այս մարզաձևով: Տա Աստված, որպեսզի ամեն շաբաթ մրցաշարեր լինեն: Խնդիրը վարկանիշի մեջ է. բարձր մակարդակի վրա մնալու համար պետք է մի քանի շաբաթ խաղալ և բարձր արդյունք ցույց տալ:

Հիմա շատ են խոսակցություններն այն մասին, որ 2 տարվա վարկանիշն ավելի արդար և օբյեկտիվ կլիներ, քանի որ թենիսում այդ ընթացքում կարելի կլիներ հանգստանալ, ամեն բան հանգիստ ծրագրել և օգնել այն խաղացողներին, ովքեր արժանի են ավելի բարձր կանգնել: Դա բոլորին թույլ կտար ավելի քիչ սթրես տանել:

-Դո՞ւք եք Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Իսպանիայի առաջին դեմքը լինելու:

-Իհարկե, շատ կցանկանայի: 2012 թվականին չկարողացա, որովհետև ոտքի վնասվածք ունեի, բայց այդ ժամանակ ընկերս՝ Պո Գազոլն էր դրոշակակիրը: Կարիերայիս ընթացքում բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել, բայց ոչինչ չեմ համեմատի Օլիմպիական խաղերի հետ:

-Խաղերի ժամանակ տարբերություն կա՞ պրոֆեսիոնալների և սիրողական խաղացողների միջև:

-Թենիսիստները, ֆուտբոլիստները, բասկետբոլիստները և շատ մարզիկներ հաղորդակցման իրենց պրոֆեսիոնալ ձևն ունեն, որը ևս պետք է կատարելագործել: Մենք մեր սեփական արտոնություններն ունենք, միևնույն ժամանակ մյուս մարզիկների մոտ միայն հստակ սահմաններ են: Թեև ինձ թվում է, որ քիչ հայտնի մարզաձևերի մարզիկներն ավելի պակաս պարգևատրության արժանի չեն, որովհետև նրանք բացվում են մարդկանց առաջ և փորձում են նոր կարգեր ներդնել:

-Դեռ որքա՞ն երկար է մտադիր խաղալ Ռաֆայել Նադալը:

-Շուտով 30 տարեկան կդառնամ, բայց չեմ պատրաստվում նշաձողն իջեցնել: Հոգեբանորեն պատրաստ եմ խաղալ ու մարզվել, մեծ աշխատանք եմ կատարել դրան հասնելու համար: Իհարկե, ես հասկանում եմ, որ մի օր այդ ժամանակը գալու է և դժվար թե դա երջանիկ պահ լինի ինձ համար, քանի որ այդ ժամանակ ֆիզիկապես չեմ կարողանա խաղալ: Հիմա հաճույք եմ ստանում մարզումներից և միանգամայն մարտական պատրաստվածության մեջ եմ: Մյուս բաների համար ամբողջ կյանքս դեռ առջևում է:

-Երբևէ մտածե՞լ եք Իսպանիայից հեռանալ՝ ավելի քիչ հարկ վճարելու համար:

-Եթե անգամ մտածեի, ապա պետք էր նախապես այդ մասին հոգալ: Փողը կյանքում դեռ ամեն ինչ չէ: Բացի այդ, բախտս շատ է բերել. ես վաստակում եմ՝ անելով այն, ինչ ինձ դուր է գալիս: Երջանիկ եմ Իսպանիայում, մարզվում եմ Բարսելոնայում, Մադրիդում և այլն, շարունակում եմ ապրել այստեղ, որպեսզի վճարեմ հարկերն այնպես, ինչպես այս երկրի ցանկացած քաղաքացի: Մալյորկալում եմ ծնվել, ինձ շատ է դուր գալիս լինել այնտեղ: Ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքիս հետ իմ երկրում լինելուն:

-Ի՞նչ եք մտածում Իսպանիայում առկա կոռուպցիայի մասին:

-Պետք է վերջնականապես դադարեցնել դա և պատժել մեղավորներին: Պետք է քաղաքական գործիչներից սկսել, որովհետև նրանց կողմից երկրի ապագայի մասին հոգածություն չկա: Պետք է վերջ դնել նման մոտեցմանը, քանի որ մենք հզոր երկիր ենք: Կոռուպցիային հաղթելը միայն օգտակար կլինի մեզ համար:

-Իսկ ի՞նչ կարծիք ունեք Կատալոնիայի՝ անկախ լինելու ցանկության վերաբերյալ:

-Այդ հարցի շուրջ որևէ կասկած չունեմ: Մալյորկայից եմ, որը Կատալոնիային մոտ է: Մեր լեզուն ու շատ սովորույթներ նման են: Ես չեմ հասկանում այդ հակամարտությունը, ատելությունը, տարակարծությունը: Անհրաժեշտ է հարգել միմյանց: Ես՝ որպես իսպանացի, կցանկանայի՝ Կատալոնիան շարունակեր Իսպանիայի մասը մնալ, որպեսզի ամեն ինչ խաղաղ լիներ, ոչ թե անցյալ տարվա պես, երբ ամեն ինչ լարված էր: Սիրում եմ Կատալոնիան, Իսպանիան և Բալեարյան կղզիները ու ցանկանում եմ, որ նրանք մեկ ամբողջություն լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում