ՀՀ-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է. Նախարար

ՀՀ-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է. Նախարար

Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու գործընթացն ընթացքի մեջ է: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

Խաչատուր Քոքոբելյան. Հարցս ուղղում եմ հարգարժան արտգործնախարարին՝ պարոն Նալբանդյանին: Առաջին. անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Հանրապետության Նախագահը հանձնարարական տվեց արտգործնախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ պատրաստել ռազմական փոխօգնության պայմանագիր: Կցանկանայի իմանալ, թե ինչ փուլում է գտնվում այդ գործընթացը, և ինչ քայլեր են արվել: Երկրորդ. ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը պատերազմական այդ ծանր օրերին հանդես եկավ հայտարարությամբ, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին: Շատ տեղին էր, որ արտգործնախարարությունը Բելառուսի դեսպանին հրավիրեց ԱԳՆ: Կցանկանայի իմանալ՝ այդ հայտարարության հետ կապված ինչ քայլեր են իրականացվել: Եվ երրորդը. կցանկանայի Ձեր անձնական կարծիքը իմանալ. չե՞ք կարծում, որ պատերազմի վերսկսման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ռուսական կողմից մեր վարկային պարտավորությամբ այն զինտեխնիկայի, որը պետք է ստանայինք, ուշացման պատուհանը օգտագործեց Ադրբեջանը: Դա նաև հետաքրքրության համար: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալություն Ձեր հարցերի համար, պարոն Քոքոբելյան:

ՀՀ Նախագահի հանձնարարականի վերաբերյալ. դա ընթացքի մեջ է: Այն պայմանագիրը կամ համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հետ միասին մշակվում է, և, կարծում եմ, որ Դուք լավ պատկերացնում եք, որ դա պարզ գործընթաց չէ, և բավականին փորձագիտական և այլ աշխատանքի կարիք կա։ Երբ այդ աշխատանքն ավարտվի, համապատասխան կառույցների կողմից կարծիքներ հայտնվեն, և պահը գա, որ արդեն կարելի է այդպիսի պայմանագիր կնքել, այդ ժամանակ կիրականացվի:

Ինչ վերաբերում է Ռոգոզինի հայտարարություններին, ինչ եղավ Բելառուսի կողմից հայտարարության հետ, որի կապակցությամբ Բելառուսի դեսպանն էր հրավիրվել արտգործնախարարություն, և փոխնախարարն էր նրա հետ հանդիպել, նաև ես հեռախոսազրույց էի ունեցել Բելառուսի ԱԳ նախարարի հետ, ապա, ինչպես ես ասել էի իմ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, դիվանագիտության, դրա բնույթի կամ աշխատանքային ոճից ելնելով ոչ ամեն ինչի մասին է հրապարակվում կամ հայտարարվում: Այն, ինչ հայտարարվում է, դա մի մասն է, չէի ասի, որ մեծ մասն է կամ չնչին մասն է, բայց մենք բավականին հրապարակային ենք աշխատում։ Վերջին շրջանում արտգործնախարարության մի քանի հայտարարություններ են եղել, բազմաթիվ հաղորդագրություններ են հրապարակվել, նախարարը, փոխնախարարները հարցազրույցներ են տվել: Բայց կան որոշ հանդիպումներ, զրույցներ, որոնք շարունակական բնույթ են կրում, և արդյունավետության տեսանկյունից նախընտրելի է չհրապարակել։ Այն, ինչի մասին Դուք հիշատակեցիք, այդպիսի զրույցներ եղել են, հանդիպումներ եղել են, և կարծիքներ հայտնվել են:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, առաջին հերթին դրա պատճառն այն էր, որ Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում: Ադրբեջանցիները փորձում էին իրենց համար բարենպաստ իրավիճակ ստեղծել բանակցային սեղանի շուրջ. դա բացարձակապես չստացվեց։ Դուք լավ գիտեք, որ հիմնախնդրի կարգավորման հիմնական փաստաթղթերը միակ միջազգային մանդատ ունեցող եռանախագահող երկրների ղեկավարների մակարդակով արված հինգ հայտարարություններն են, որոնց Ադրբեջանը առայսօր չի ցանկանում որևէ հղում կատարել և ընդհանրապես ձևացնում է, թե տեղյակ էլ չէ՝ ինչի մասին են դրանք։ Աղավաղված է ներկայացնում այն աշխատանքային փաստաթղթերը, որոնք եղել են բանակցային սեղանին:

Ըստ իրենց՝ պարզվում է՝ 2009թ.-ից ի վեր բանակցություններին որևէ աշխատանքային փաստաթուղթ չի ներկայացվել եռանախագահների կողմից: Այդ դեպքում ի՞նչ էին քննարկում նախագահների մակարդակով, ներառյալ նաև Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ բազմաթիվ գագաթաժողովների ժամանակ։ Ի՞նչ էին քննարկում արտգործնախարարները՝ տասնյակ հանդիպումների ընթացքում։ Ի՞նչ էին քննարկում եռանախագահները` Հայաստան, Արցախ և Ադրբեջան իրենց բազմաթիվ տարածաշրջանային այցերի ընթացքում: Ձախողվեցին բանակցություններում և փորձեցին ինչ-որ առավելություններ ստանալ ռազմի դաշտում: Կրկին ձախողվեցին: Եվ, իհարկե, ստիպված են լինելու վերադառնալ բանակցային սեղանին, որովհետև այլընտրանք չկա: Չկա համաշխարհային պատմության մեջ մի հակամարտություն կամ պատերազմ, որից հետո չեն վերադառնում բանակցությունների սեղանին, որպեսզի լուծումներ գտնեն։

Խաչատուր Քոքոբելյան. Շնորհակալություն: Կարևոր եմ համարում, որ խոսակցություններ եղել են այդ թեմայով, դա շատ էական եմ համարում, բայց կարծում եմ, որ լավ կլիներ, որ նաև հրապարակային լիներ. սա Ռոգոզինի մասով: Վտանգ եմ տեսնում Ձեր ասած այն մասով, որ, իհարկե, շատ լավ է, որ պատրաստակամ աշխատանք է ընթանում հիմա ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված, որովհետև ես կարծում եմ, որ դա նույնիսկ ուշացած է, բայց նաև վտանգ եմ տեսնում, որ ասում եք՝ հարմար պահ լինի: Դրա հարմար պահն ամեն օր է, և դրա անհրաժեշտությունն ուղղակի օրվա հրամայական է՝ իմ սուբյեկտիվ կարծիքով նաև: Ինչ վերաբերում է ռուսական զենքի մատակարարմանը, ես Ձեր խոսքից այնպես հասկացա, որ Դուք էլ դա պատճառներից մեկն եք համարում, բայց ոչ ամենագլխավորը: Ամեն դեպքում, եթե պատճառ եք համարում, դա արդեն բավականին կարևոր եմ համարում: Եվ շատ էական եմ համարում, որ մեր կառավարությունը, Հայաստանը՝ որպես կողմ, պատրաստակամություն ունի անշուշտ, և կարծում եմ՝ միշտ այդպես է եղել, բանակցային գործընթացում մասնակցելու և բանակցային գործընթացով լուծելու այդ խնդիրը: Շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Քոքոբելյան, ինչ վերաբերում է Ռոգոզինին, ես կարող եմ ավելացնել, որ, որքան գիտեմ, նա հանեց Ֆեյսբուքից այն գրառումը, որն արել էր: Դուք ասացիք՝ Ձեր սուբյեկտիվ կարծիքը: Ես հարգանքով եմ վերաբերվում Ձեր և այլոց կարծիքներին և ուշադրությամբ ու լրջությամբ եմ հետևում և նկատի առնում դրանք: Բայց Դուք պետք է նաև նկատի ունենաք, որ կան իրավիճակներ, երբ, միգուցե, կարիքը չկա հրապարակայնության:

Ինչ վերաբերում է Արցախի հետ պայմանագրին, Դուք, միգուցե, ճիշտ եք։ Բայց երբ նման քայլեր են արվում, հատկապես, որ մենք շահագրգիռ ենք բանակցությունների ճանապարհով լուծմանը հասնելու և շարունակում ենք այդ գործընթացը, մենք պետք է ի նկատի ունենանք նաև շատ այլ գործոններ և հանգամանքներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում