«Հայկական ժամանակ». Թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան, հնարավոր է, արգելվի

«Հայկական ժամանակ». Թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան, հնարավոր է, արգելվի

Երեկ Ազգային Ժողովում, անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումն արգելելու վերաբերյալ հարցին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ուշագրավ հայտարարություն արեց: Ըստ Մինասյանի, իր գլխավորած նախարարությունը արդեն ուսումնասիրում է նման հնարավորությունը և դրա արդյունքում պետք է ներկայացնի ամբողջական փաթեթ: Այլ կերպ ասած, կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Որքան էլ նման հնարավորությունը գեղեցիկ հնչի, այն բավականին բարդ կլինի իրականացնել: Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիայից Հայաստան տարեկան ներմուծվում է մոտ 140 միլիոն դոլարի ապրանք, և դրա մեծագույն մասը այնպիսի ապրանքներ են, որոնք ներկրում են փոքր և միջին գործարարները: Այսինքն` նման արգելք մտցնելու դեպքում տուժելու են հենց փոքր և միջին ներկրողները»,-հավելել է թերթը:

Այսպիսի հեռանկարի շուրջ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով «Հայկական ժամանակ»-ը դիմել է փոքր և միջին ձեռնարկությունների պաշտպանությամբ զբաղվող ամենահայտնի հասարակական կազմակերպություններից մեկին՝ «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանին:

«Մեր ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամները կսատարեն կառավարության այդ նախաձեռնությունը: Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ դա կարող է դժգոհությանն ալիք բարձրացնել փոքր առևտրականների շրջանում ու բացի այդ կհանգեցնի որոշակի ապրանքների թանկացման: Բայց մենք պատրաստ ենք ՓՄՁ-ների շրջանում իրականացնել բացատրական, ուսուցողական և խորհրդատվական աշխատանքներ, որոնք կօգնեն փոքր գործարարներին հնարավորինս անցնցում անցկացնելու ժամանակավոր դժվարությունները»,- թղթակցի հետ զրույցում ասել է Ավագյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում