Ռուսաստանը չի հակադրում ԵԱՏՄ-ն եւ ինտեգրացիոն մյուս ձեւաչափերը. Լավրով

Ռուսաստանը չի հակադրում ԵԱՏՄ-ն եւ ինտեգրացիոն մյուս ձեւաչափերը. Լավրով

Ռուսաստանը չի հակադրում Եվրասիական տնտեսական միությունը եւ ինտեգրացիոն մյուս ձեւաչափերը, պատրաստ է աշխատել դրանց ներդաշնակեցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ «անբաժանելիության» տրամաբանությունը կիրառելի է ոչ միայն անվտանգության ոլորտում, այլեւ գլոբալ տնտեսական տարածքի նկատմամբ: «Մենք չենք հակադրում ԵԱՏՄ-ն եւ ինտեգրացիոն մյուս ձեւաչափերը: Պատրաստ ենք աշխատել դրանց ներդաշնակեցման համար»,- ասել է Լավրովը՝ Պեկինում ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության եւ վստահության հարցերին նվիրված խորհրդակցությունում:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «ինտեգրացիաների ինտեգրացման» ուղղությամբ համատեղ շարժումը, ինչպես նաեւ խոշոր ազգային ու անդրազգային նախագծերի ներդաշնակեցումը փոխշահավետ նոր հեռանկարներ կբացի:

«Այդ համատեքստում հատկապես պահանջված են եվրասիական ինտեգրացման եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգի զուգորդման շուրջ ռուս-չինական պայմանավորվածությունները, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ՇՀԿ-ԱՍԵԱՆ գծով տնտեսական լայն գործընկերության ձեւավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրված նախաձեռնությունը»,- հավելել է Լավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում