Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհարվածի աշխատավարձերին ու գներին. Քեմերոն

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհարվածի աշխատավարձերին ու գներին. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ թրեդ-յունիոնների բրիտանական կոնգրեսի նախկին գլխավոր քարտուղար Բրենդան Բարբերը բրիտանացիներին նախազգուշացրել են ԵՄ-ից դուրս գալու ծանր հետեւանքների մասին:

Guardian թերթում հրապարակված համատեղ հոդվածում Քեմերոնը եւ Բարբերը նշում են, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհարվածի ինչպես աշխատավարձերին, այնպես էլ գներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Քաղաքական գործիչները նշում են, որ ԵՄ-ից դուրս գալն առաջին հերթին կվնասի այն ընտանիքներին, որոնք առանց այդ էլ դժվար են ապրում, քանի որ ապրուստ գինը կտրուկ կթանկանա, իսկ աշխատատեղերի թիվը կկրճատվի:

«Ֆունտի թանկացումը նշանակում է արտադրանքի թանկացում եւ գնաճ, ինչը կբարձրացնի լայն սպառման ապրանքների, հագուստի, բենզինի, այն ամենի գները, ինչը մենք ներմուծում ենք մյուս երկրներից»,- նշվում է հոդվածում:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների նախարարության զբաղվածության հարցերով կրտսեր նախարար Փրիթի Փաթելը նշել է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալու դեպքում բրիտանական բիզնեսն ավելի մեծ ազատություն կստանա:

The Times թերթի պատվերով YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները 1 տոկոսով ավելի են հանրակցությանը երկրի հետագա անդամակցության կողմնակիցներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հունիսի 23-ին նշանակված հանրաքվեում եվրասկեպտիկների ճամբարին պատրաստվում է հարել հարցվածների 42 տոկոսը, իսկ երկրի եվրաինտեգրացման կողմնակիցների ճամբարին՝ 41 տոկոսը: Ընդ որում՝ երկշաբաթյա վաղեմության համանման հարցման արդյունքների համեմատությամբ առաջինների թիվն ավելացել է 3 տոկոսով, իսկ երկրորդների թվաքանակը՝ 1 տոկոսով: Ընտրության հարցում չեն կողմնորոշվել հարցվածների 13 տոկոսը, եւս 4 տոկոսը հայտնել է, որ ընդհանրապես չի մասնակցելու քվեարկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում