ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի թիմին

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի թիմին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ապրիլի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (ՏՏԵԶԾ) իրականացմանն աջակցող թիմին` Ահմեդ Այվեդայի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկման առանցքում եղել են ՏՏԵԶԾ իրականացման աշխատանքները: Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին համագործակցության և աջակցության և, մասնավորապես, այս ծրագրի իրականացման պատրաստակամության համար, որը լայն հնարավորություններ է ընձեռում ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տարածքային համաչափ զարգացման համար:

– Մտադիր ենք ամբողջությամբ ներգրավվելու այս ծրագրի գործընթացում, որպեսզի տուրիզմի զարգացման տեսանկյունից ունենանք ոչ միան նպատակային և հստակ ուղղվածություն, այլ նաև չափերի գնահատելի արդյունքներ: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ այս ծրագրի բոլոր բաղադրիչների ուղղությամբ հստակություն ունենանք, նախ` երկրում իրականացվող ծրագրերի կրկնությունները բացառելու, ավելի նպատակային դարձնելու և հրապարակային ու թափանցիկ գործելաոճ որդեգրելու համար, – նշել է Արծվիկ Մինասյանը:

Շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Ահմեդ Այվեդան հավաստիացրել է, որ պատրաստ են շարունակելու համագործակցությունը և ողջունել նախարարի հրապարակային աշխատելու պատրաստակամությունը` ծրագիրը հասարակությանն ու հասարակական կազմակերպություններին հասանելի դարձնելու գործում: Ներկայացնելով իրականացված աշխատանքը` Ահմեդ Այվեդան նշել է Համաշխարհային բանկի համար ծրագրի կարևորությունը` Հայաստանում ներդրումների և զբոսաշրջության խթանման, տարածքների համաչափ զարգացման, մշակութային ժառանգության պահպանման գործում:

Հանդիպման ընթացքում խոսվել է համապատասխան գերատեսչությունների հետ սերտորեն աշխատելու, ենթածրագրերի վիճակի մասին: Եվս մեկ անգամ կարևորվել է ծրագիրը կյանքի կոչելու հանձնառությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում