Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ընտրական օրենսգրքի նախագծին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է, ինչն առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը: Պատգամավորները դժգոհում էին, որ նիստը նախագահողները քվեարկությունից առաջ իրենց թույլ չեն տվել ելույթ ունենալ վարման կարգի վերաբերյալ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը չէր մասնակցել, հայտարարեց, որ ԸՕ նախագիծն ընդունվել է կանոնակարգի խախտմամբ:

«Մենք տեղեկություններ ունենք, որ կային խմբակցություններ, որոնք ցանկանում էին քվեարկությունից առաջ 2 0 րոպե ընդմիջում վերցնել, սակայն վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք որևէ մեկին չտրվեց»,- ասաց Զուրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ օրը ցերեկով տեսախցիկների առաջ 98 պատգամավոր կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքի նախագծին: «Ով ցանկացել է կողմ է քվեարկել, ով ցանկացել է՝ դեմ կամ ձեռնպահ: 98 մարդ կողմ քվեարկեց, էլ ի՞նչ խախտման մասին է խոսքը»,- հայտարարեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի պատգամավորները վարման կարգի վերաբերյալ կարող են ելույթ ունենալ քվեարկությունից առաջ կամ հետո: «Հիմա մենք քվեարկությունից հետո ձեզ վարման կարգի վերաբերյալ խոսելու իրավունք ենք տվել: Այնպես որ, ապատեղեկատվություն մի տարածեք: Իսկ 20 րոպե ընդմիջում վերցնել վարման կարգի հետ որևէ կապ չունի, դուք դա ցանկացած պահի կարող էիք վերցնել, սակայն որևէ մեկը մեզ նման հարցով չի դիմել մինչ քվեարկությունը»,– պարզաբանեց Նաղդալյանը,  հաղորդում է «Արմենպրես»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում