Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ընդլայնվում են

Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ընդլայնվում են

Այսօր կառավարության հավանությանն են արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացում, Պաշտպանի և նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաև որոշ՝ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում:

‹‹Մարդու իրավունքների պաշտպանի մասին›› ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, որոնք անհրաժեշտություն են առաջացրել համապատասխանեցնել առկա իրավակարգավորումները Սահմանադրության փոփոխություններին:

Սահմանադրական փոփոխություններից է բխում մի շարք իրավական ակտերի, այդ թվում՝ «Մարդու իրավունքերի պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը՝ համաձայն 210-րդ հոդվածի: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում հստակ տարանջատում է անցկացվել Պաշտպանի անկախության և անձեռմխելիության երաշխիքների միջև: Օրինագծում կատարվել է նորամուծություն՝ Պաշտպանը նշված է որպես կանխարգելման ազգային մեխանիզմ:

«Որպես ազգային մեխանիզմ՝ Պաշտպանը իրավասու է իրականացնել պարբերական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, կամ պատիժը կանխարգելելու նպատակով: Ընդ որում, պաշտպանը բացարձակապես պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի և նպատակի մասին»,-նշել է նախարարը: Ա.Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նկատի ունենալով օրինագծի հրատապությունը, կարևորությունը քննարկումները պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ շարունակվելու են՝ ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ձևաչափում:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրինագծի շուրջ քննարկումների կազմակերպումը քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ մինչև այն Ազգային ժողով ներկայացնելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում