Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահն ու կառավարությունը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. Սիսիլինի

Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահն ու կառավարությունը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. Սիսիլինի

Հայոց ցեղասպանությունից նույնիսկ 100 տարի անց հայ ժողովրդի սրտումը խորը վերք կա, քանի դեռ ցեղասպանությունը և մարդու իրավունքների լուրջ խախտումները շարունակում են մնալ պատերազմի գործիքներ 21-րդ դարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ԱՄՆ Կոնգրեսում հանդես եկավ Ռոդ Այլենդը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Դեվիդ Սիսիլինին:

«Գրեթե որևէ շաբաթ չի անցնում, որ տեղեկություններ չլինեն աշխարհի մի որևէ կետում մարդու իրավունքների ահավոր խախտումների մասին: Դրանց կանգնեցնելու առաջին քայլը դրանք ճանաչելն է, և հենց այդ նպատակով կարևոր է, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և այն անվանի ինչ, որ այն իրականում կա կամ կար` Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդին ոչնչացնելու համակարգված փորձ»,- ընդգծել է դեմոկրատ կոնգրեսականը:

Սիսիլինին շեշտել է նաև, որ այսօր էլ Հայաստանի ժողովուրդն ունի բազմաթիվ մարտահրավերներ: «Բոլորս էլ գիտենք, որ այս ամսվա սկզբին կրկին բռնություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղում: Խիստ կարևոր է, որ ԱՄՆ շարունակի ներգրավված մնալ այս հակամարտության կարգավորման գործում»,- նշել է ամերիկացի օրենսդիրը:

Նրա խոսքով` շարունակելով ներկա ճգնաժամը կարգավորելուն ուղղված ԱՄՆ ջանքերը` միաժամանակ էական է, որ ԱՄՆ-ում շեշտվի Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: «Պատմությունը հստակ է. 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ապրող ավելի քան 1.5 միլիոն հայեր բռնի և համակարգված կերպով ոչնչացվել են: Դա կարծիք չէ, մեկնաբանություն չէ, ոչ էլ մեղադրանք է, դա փաստ է»,- ասել է Սիսիլինին: Նա մեջբերել է նաև 1915թ-ի հուլիսի 10-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանի գրությունը, որում հայերի նկատմամբ հետապնդումներն անվանել է «խաղաղ հայ բնակչությ անը արմատախիլ անելու համակարգված փորձ»: «101 տարի անց ժամանակն է, որ ԱՄՆ կառավարությունը և նախագահը ճանաչեն այս իրողությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- ընդգծել է Դեվիդ Սիսիլինին:

Ամփոփելով ելույթը կոնգրեսական մեջբերել է Ֆրանցիսկոս պապի խոսքերը. «Ճշմարտությունը չճանաչելը կամ ծածկելը նշանակում է թույլ տալ, որ վերքը շարունակի արնահոսել առանց այն վիրակապելու»

Հետևեք մեզ նաև Telegram-ում