Վահրամ Բաղդասարյանը պատգամավորի աշխատանքը կանոնակարգելու անհրաժեշտություն է տեսնում
![Վահրամ Բաղդասարյանը պատգամավորի աշխատանքը կանոնակարգելու անհրաժեշտություն է տեսնում](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/550c6c2c10e4c0557bc661a1da4fba6a.jpg)
Նմանատիպ
Ազգային ժողովի նոր կանոնակարգում պետք է արվեն փոփոխություններ, որոնցով կկանոնակարգվի պատգամավորների աշխատանքը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցութփյան ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պատգամավորների հաճախակի բացակայության մասին հարցին:
«Եթե դուք ուշադիր ուսումնասիրեք Ազգային ժողովի կանոնակարգը, կտեսնեք, որ պատգամավորի աշխատանքը կանոնակարգված չէ: Այնտեղ ասվում է, որ պատգամավորը կարող է աշխատել նիստերի դահլիճում, իր աշխատասենյակում, հանդիպումներ ունենալ ընտրողների հետ: Ակնհայտ է, որ պատգամավորների աշխատանքի հստակ կանոնակարգում չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե շատ հաճախ պատգամավորները նիստերի դահլիճ են մտնում քվեարկություններից առաջ, իսկ քվեարկությունից մի քանի րոպե հետո լքում են դահլիճը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ցավով պետք է նշեմ, որ գործող կանոնակարգը դա թույլ է տալիս: Որևէ մեկը հիմա չի կարող պատգամավորներին ստիպել ամբողջ ընթացքում նստել նիստերի դահլիճում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում