Արտոնությունը ոչ թե գործարարին, այլ ՎՏԲ-ին ենք տալիս. պարտքի մասին իմանալով վարկ է տվել. Բագրատյան

Արտոնությունը ոչ թե գործարարին, այլ ՎՏԲ-ին ենք տալիս. պարտքի մասին իմանալով վարկ է տվել. Բագրատյան

Այսօր հրավիրված հանդիպմանը ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադառնալով  Միկա Բաղդասարովին պատկանող «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելուն, հայտարարեց, որ դրանով արտոնություն ենք տալիս ՎՏԲ բանկին, որին պարտք է գործարարը:

«Ինձ զարմացնում է, որ ասում են աշխատատեղ կստեղծեն, ընդհակառակը՝ գործարանն աշխատացնելու համար, աշխատեղերը պետք է կրճատվեն, որ ինքնարժեքն իջնի: Ասում են, թե պարտքը ներեք, հիմա պատկերացրեք սա մեր գրասենյակն է, որը վաճառում ենք 120.000 դոլարով, հիմա գնորդը եկել է ու մենք ասում ենք՝ գիտեք, բացի սրանից  մենք բանկին նաև 5000 դոլար պարտք ունենք: Գնորդը կասի՝ այ ընկեր ես տարածքն եմ առնում, բանկի պարտքի հետ ինչ կապ ունեմ: Աժ-ին ասում ենք Բաղդասարովը պարտք է կենսաթոշակայինին…մեզ ասում են, որ սա չանենք, չի լինի:  Վերցրեք գույքային համալիրը վաճառեք, պարտքն էլ բալանսից հանեք, հետո կորոշենք՝ պարտքը ներենք-չներենք: Այսօրվա դրությամբ այդ պարտքը կամ Բաղդասարովի վրա է, կամ ՎՏԲ բանկի: Բայց բանկն իմանալով էդ պարտքի մասին վարկ է տվել: Ըստ այդմ՝ այդ արտոնությունը ոչ թե գործարարին ենք տալիս, այլ ՎՏԲ բանկին: Խորամանկության աստիճանը պատկերացրեցիք չէ՞»,-պարզաբանեց նա՝ հավելելով,  թե իրենից նեղացել են և ասում են հիշեք ձեր ժամանակները. «Ինչ հիշենք մեր ժամանակները, մեր ժամանակներում ընկած գործարան էին առնում: Արդեն 20 տարի է իշխանության են, բայց որևէ սեփականաշնորհում հետ չեն խաղարկել, հիմա իրավունք ունե՞ն 20 տարի ասել ձեր ժամանակները: Խնդրեմ շտկեք»:

Հավելենք, որ 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ ընկերության պարտքը պետական բյուջեի նկատմամբ կազմել է 806 մլն դրամ , որից մոտ 394 մլն դրամը մայր պարտքն է, իսկ մեծ մասը՝ 412 մլն դրամը՝ տույժերը: Թեեւ օգոստոս ամսին մարվել է 151,8 մլն դրամ, սակայն տույժերը շարունակել են ավելանալ եւ 2016-ի փետրվարի փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933,3 մլն դրամ: Ընդ որում, «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի կողմից, որտեղ գրավադրված են «Հրազդան-ցեմենտի» գույքն ու հաշիվները, տրամադրել է լրացուցիչ վարկ՝ 179 մլն դրամ աշխատակիցների աշխատավարձը մարելու և 122 մլն դրամ՝ հոսանքի դիմաց վճարումներ կատարելու նպատակով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում