Ինչ՞ու տապալվեց «Հրազդան-Ցեմենտ»-ին արտոնություններ տալու նախագիծը

Ինչ՞ու տապալվեց «Հրազդան-Ցեմենտ»-ին արտոնություններ տալու նախագիծը

Վերջերս մեծ հնչեղություն ստացավ կառավարության կողմից ներկայացրած «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որն ԱԺ-ում տարաբնույթ կարծիքների և դիքորոշումների արդյունքում չընդունվեց:

Միանշանակ ասել, որ լավ արեցին, որ չընդունեցին, նշանակում է անտեսել այն հանգամանքը, որ գործարանի արտադրած ցեմենտը ունի բարձր որակ և պահանջարկ, որ գործարանը հանդիսանում է տարածաշրջանի առաջատարը, որ ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատու կազմակերպություն է և ապահովում է ավելի քան 470 աշխատատեղ: Ընկերության արտադրանքի ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում կազմել է 2.7 մլրդ ՀՀ դրամ:

Կարևոր է նաև այն, որ գործարանը ունի ընդլայնման ներուժ և այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ:

Ընկերության հիմնավորմամբ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով Ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն՝ արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:

Հարկ է նշել, որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում: Այժմ Ընկերության գույքը և հաշիվները գտնվում են արգելանքի տակ, և գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը:

Կարևոր է նաև այն, որ գույքի հարկադիր վաճառքից պետական բյուջեի մուտքեր չեն ապահովվի, քանի որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է բանկում և վերջինիս է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը:

Իսկ այժմ ուշադրություն դարձնենք ընկերության պարտքի կառուցվածքին. 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ ընկերության պարտքը պետական բյուջեի նկատմամբ կազմել է 806.4 մլն դրամ, որից մայր պարտքը, այսինքն չվճարված հարկը՝ 393.8 մլն ՀՀ դրամ, իսկ տույժերը ՝ 412.6 մլն ՀՀ դրամ: Մինչ այժմ այդ պարտավորության մի մասը մարվել է, նաև առաջացել են լրացուցիչ պարտավորություններ, որի արդյունքում 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ:

Ինչպես տեսնում ենք, չվճարված հարկերից առաջացած պարտքի 50 տոկոսից ավելին կազմում են տույժերն ու տուգանքները և դա խնդիր է, որի հետ բախվում է հարկային իրավախախտում թույլ տված ցանկացած տնտեսվարող:

Տույժերի ու տուգանքների նպատակը հարկատուի վարքագծի արդյունքում հնարավոր առաջացած ծախսերի նյութական հատուցումն չէ, այլ հարկատուներին պատժելն է իրենց պարտավորությունները խախտելու համար: Այսպիսով՝ տույժերը կանխարգելիչ են և պատժիչ: Այդ իսկ պատժառով, անհրաժեշտ է չկատարված հարկային պարտավորության և դրա արդյունքում առաջացած տուժանքի միջև համաչափության պահպանումը, խելամիտ նիշի սահմանումը, որպեսզի տույժը/պատիժը լինի զսպող և դաստիարակող և ոչ թե կաթվածահար անող և, ըստ էության, ուղակի ոչնչացնող:

Ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ հարկային օրենսգրքի մշակման ուղղությամբ, և այս խնդրի լուծումը պահանջում է, ոչ թե իրավիճակային (հաշվի առնելով կազմակերպության «քաշը» և ղեկավարող անձանց), այլ խորքային լուծում՝ կիրառելի ու անխտրական բոլոր տնտեսվարողների համար: Կարծում եմ, որ վերջինս պատճառ հանդիսացավ ԱԺ-ում նախագծի մերժման համար:

Լիլիթ Սահակյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում