Կֆինանսավորվի Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնումը

Կֆինանսավորվի Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնումը

Նախօրեին կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրին,որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին՝ Լյուքսեմբուրգում:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգի շրջանակներում, որի մեծ մասը վերաբերվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնմանը:

Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ:

Մ6 Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի նպատակն է վերականգնել Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի և Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը:

Ավտոճանապարհը սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով ՝ շարունակվելով մինչև Բագրատաշեն սահմանակետ: Աշխատանքները նախատեսված են Վանաձոր քաղաքի տարածքում (6.7կմ), Վանաձոր-Ալավերդի հատվածում (մոտ 43.9կմ), Ալավերդի քաղաքի տարածքում (3.4կմ) և Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում (մոտ 36.3կմ):

Նախագծով նախատեսվում է իրականացնել հողային պաստառի, ճանապարհային պատվածքի վերակառուցման և նորոգման աշխատանքներ, ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքներ, ինչպես նաև՝ կամուրջների և թունելների վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ և այլ:

Համաձայն ֆինանսական պայմանագրի շինարարական աշխատանքների տևողությունը 36 ամիս է՝ 2017-2020 թվականների ընթացքում: Տրամադրվող վարկի գումարը կազմում է 51 մլն. ԵՎՐՈ է: Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 տրանշներով, յուրաքանչյուր Տրանշի մարման վերջին ամսաթիվը Մասհանման սահմանված ամսաթվից հաշված 4 տարուց ոչ շուտ և 20 տարուց ոչ ուշ ընկած վճարման ամսաթիվն է:

Միջազգային մայրուղու վարականգնումը կբարելավի Հայաստանի կապը իր հարևան երկրի հետ: Մ6-ը հիմնական և կենսական նշանակության ճանապարհ է, որը կապում է Հայաստանը Վրաստանի և հետագայում այլ երկրների հետ:

Թեպետ ամեն վարկային ծրագիր ավելացնում է մեր պետական պարտքը, այն ու ամենայնիվ, հաշվի առնելով միջպետական ճանապարհի վերականգնման ռազմավարական և տնտեսական նշանակությունը, այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային ինտեգրման և տնտեսական աշխուժացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում