Իսկ Իսրայելը անօդաչուներ կվաճառե՞ր Հիտլերին. Իսրայել Չարնիի անդրադարձը քառօրյա պատերազմին

Իսկ Իսրայելը անօդաչուներ կվաճառե՞ր Հիտլերին. Իսրայել Չարնիի անդրադարձը քառօրյա պատերազմին

Ենթադրենք սպանում էին ոչ թե հրեաների, այլ օրինակ «միայն» սլավոններին, գնչուներին կամ Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ Իսրայել պետությունն այդ ժամանակ արդեն գոյություն ուներ. կհամաձայնեի՞ք արդյոք այդ ժամանակ զենք վաճառել նացիստներին: Նման հռետորական հարցադրմամբ է սկսել իր «Կվաճառե՞ր արդյոք Իսրայելը Հիտլերին օգտագործած անօդաչու» հոդվածը Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին:

Չարնին մեջբերում է այն տեղեկությունները, որ Իսրայելը վաճառել է միլիոնավոր դոլարների զենքեր նաև այնպիսի կառավարություններին, որոնք «սպանում են կամ սպառնում ոչնչացնել խաղաղ բնակիչներին»: Նա նաև հիշեցնում է, որ անցած շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերն «Ադրբեջանի ձեռքերում պատասխանատու են վեց հայերի մահվան համար Լեռնային Ղարաբաղում»: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ պատերազմի օրերին ադրբեջանական ռազմական ինքնաթիռ է վայրէքջք կատարել Իսրայելում:

«Ես ամաչում եմ: Հայերը 100 տարի առաջ մեծ ցեղասպանության զոհերն էին, որը որոշ հրեա գիտնականների կողմից անվանվեց «հայկական շոա»: Նրանց մշակութային և ազգային էթնոսի կարևորագույն խնդիրներից է ցեղասպանության հիշողության պահպանությունը, նման չէ՞ արդյոք դա մեզ` հրեաներիս: Մենք` հրեաներս, տարիներ շարունակ վիրավորել ենք հայ ժողովրդին` պաշտոնապես չճանաչելով ցեղասպանությունը: Կհանդուրժեի՞նք արդյոք մի որևէ կառավարություն ԱՄՆ-ում կամ Անգլիայում, որը, ցեղասպանություն իրականացնող երկրի հետ «realpolitik»-ից ելնելով, հրաժարվեր ճանաչել Հոլոքոստը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է պրոֆեսոր Չարնին:

Իսրայելցի գիտնականը ևս մեկ հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք Իսրայելը պատրա՞ստ է բարոյական տեսլական ունենալ ողջ աշխարհի: «Զենքի վաճառքի մեր այլընտրանքային սկզբունքը կարող է լինել հետևյալը. վաճառել այն ժողովուրդներին, ովքեր զանգվածային ոչնչացման վտանգի առաջ են: Իհարկե, մենք սխալներ կգործենք, սակայն առնվազն մեր խիղճը ավելի մաքուր կլինի, որ մենք զենք չենք մատակարարել նացիստներին, իսկ իմ հայ գործընկերներին և ընկերներին ես կցանկանայի ասել, որ որպես հրեա և իսրայելցի ես «սպանված» և բարկացած եմ»,- ամփոփել է պրոֆեսոր Իսրայել Չարնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում