Կան պահեր,երբ պիտի մոռանաս ամբիցիաներդ. Ա. Ղուկասյանը՝ ԼՂՀ նախկին ղեկավարների պատասխանատվության մասին
Նմանատիպ
ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը կոռեկտ և ճիշտ է համարում մարդկանց բարձրացրած հարցը և դժգոհությունը, թե ԼՂ-ում Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի օրերին որտե՞ղ են Արցախի առաջին և երկրորդ նախագահները: Այս մասին նա արտահայտվել է Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր տուն ու տեղ» հաղորդման ժամանակ:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ այդ օրերին ինքն առողջական խնդիրներով գտնվում էր դրսում, բայց գրեթե ամեն օր Նախագահ Բակո Սահակյանից տեղեկացել է իրավիճակի մանրամասներին:
«Ես համարում եմ, որ պարտավոր էի լինել այստեղ, հատկապես առաջին երեք օրը, ուրիշ բան է, որ մշտական կապի մեջ էի ԼՂՀ-ի և ՀՀ-ի նախագահների հետ, օրը մի երեք-չորս անգամ զանգում էի: Երբ վերադարձա, ուզում էի գալ Ղարաբաղ, արդեն համեմատական հանգիստ էր, բայց ՀՀ նախագահի հանձնարարություններն էի կատարում ԼՂ-ի հարցի հետ կապված: Պետք է իր հետ գայի այստեղ, գուցե ավելի շուտ, բայց խնդիրներ կային ԼՂ հարցի հետ կապված և ստիպված մնացի ՀՀ-ում: Եվ հենց որ ավարտեցի այդ աշխատանքը, ես արդեն այստեղ եմ: Իմ կարծիքով դա կարևոր է և մեր ժողովուրդն իրավունք ունի այդ հարցը տալ, ես դրանից չեմ նեղվում, որովհետև իմ հոգով այստեղ լինելը չի փոխարինում ֆիզիկապես այստեղ չլինելուս: Եվ ես, և մյուս ղեկավարները պատասխանատու են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում: Մենք չենք կարող անտարբեր լինել, ի վերջո սա մեր բոլորիս պայքարն էր, սա մեր կյանքն է՝ անկախ նրանից ինչով ենք զբաղվում: Եվ կան օրեր, պահեր, երբ պիտի ամեն ինչ մոռանաս, քո ամբիցիաները, բնական չէ՞, որ ամեն ինչ չի ինձ դուր գալիս, ինչ կատարվում է Ղարաբաղում, բայց այսօր դրա ժամանակը չէ: Եթե ես այստեղ եմ, ապա պատրաստ եմ զինվորի պես կատարել այն բոլոր խնդիրները, առաջադրանքները, որոնք դրված են մեր ժողովրդի առաջ: Եթե ինձանից մի բան է կախված, պետք է դա անեմ»,-ամփոփել է Ղուկասյանը:
Նշված հատվածը 49:15-ից
Հետևեք մեզ նաև Telegram-ում