Մերկելը 2015 թվականի մարտին Ճապոնիային առաջարկել էր մտնել ՆԱՏՕ

Մերկելը 2015 թվականի մարտին Ճապոնիային առաջարկել էր մտնել ՆԱՏՕ

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, որը 2015 թվականի մարտին այցով գտնվում էր Տոկիոյում, անսպասելիորեն վարչապետ Սինձո Աբեին առաջարկել է, որ Ճապոնիան մտնի ՆԱՏՕ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Japan News թերթը:

Ինչպես պնդում է հրատարակությունը, Մերկելը Սինձո Աբեին ասել է. «Ինչո՞ւ (Ճապոնիան) չմիանա ՆԱՏՕ-ին: Ես կարող եմ համոզել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին»: Ճապոնիայի կառավարության ղեկավարն «անքաղաքավարի չլինելու համար» պատասխանել է, որ դա «կարող է ապագայում լինել», մայիսի 1-ին գրել է թերթը: Դրա հետ մեկտեղ հոդվածի հեղինակները կարծում են, որ «Մերկելի առաջարկածի հավանականությունը չափազանց փոքր է»:

Ճապոնիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ, բայց Աֆղանստանի, Ավստրալիայի, Իրաքի, Պակիստանի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի եւ Մոնղոլիայի հետ միասին ընդգրկված է ՆԱՏՕ-ի հետ «Գլոբալ գործընկերության» ծրագրում: Այս երկրները, ինչպես նշվում է կազմակերպության կայքում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն են զարգացնում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, իսկ նրանցից մի քանիսն ակտիվորեն ավանդ են ներդնում դաշինքի գործողություններում, այդ թվում՝ ռազմական առումով:

Սինձո Աբեն ապրիլի 30-ին մեկնել է եվրոպական շրջագայության, որի ընթացքում նա մտադիր է այցելել Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա: Մայիսին 6-ին պլանավորված է Ճապոնիայի վարչապետի այցը Ռուսաստան, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում