Հակառակորդի գործողություները տեսանելի են.ՊԲ ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի

Հակառակորդի գործողություները տեսանելի են.ՊԲ ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի

Երեկ ԼՂՀ  պաշտպանության նախարարությունը  հայտարարություն տարածեց, որ առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու  ակտիվ  տեղաշարժեր: Այսօր Մեդիա կենտրոնում կայացած հարցազրույց-ասուլիսին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար  Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ զորքերի տեղաշարժը և զինուժի կուտակումները մշտական են, ինչն ընդունեց նաև Ադրբեջանի պաշտպանական ղեկավարությունը, իսկ անցած օրերին դրանք  շեշտակի փոփոխություն չեն կրել: Հովհաննիսյանը միաժամանակ ակնարկեց՝ այսօր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին նման չի ապրիլի սկզբի իրավիճակին. Ադրբեջանի առավել մեծ զորքերի շարժ է տեղի ունենում:

Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել ամեն դեպքում, որ նոր գործողություն, հարձակում է նախապատրաստվում, Հովհաննիսյանն ասաց, որ հստակ պատասխան տալ չի կարող, թե ինչպես և երբ:

«Ամենակարևորն այստեղ այն է, որ ՊԲ-ն իր հետախուզական միջոցներով այդ ամենը ֆիքսում է և արդեն որերորդ անգամ թեկուզ տեղեկատվական կանխարգելիչ տեղեկություն են տալիս, որ իրենք ամեն ինչ տեսնում են և ոչինչ աննկատ չի, հակառակորդի գործողությունները տեսանելի և ընկալելի են»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ ՊԲ ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի և հանկարծակիության գործոնը նվազել է, բայց սա չի նշանակում, թե անակնկալության տարրերը պետք է բացառել խորամանկության, խուսանավման և այլ մեթոդների արդյունքում: Այսինքն՝ դիմացինիդ գործողությունների ժամի, տեղի, բնույթի վերաբերյալ ամբողջական  ինֆորմացիային տիրապետելու համար առնվազն ձեռքիդ տակ պետք է ունենաս հակառակորդի գլխավոր շտաբի ամբողջ փաստաթղթերը:

Անդրադառնալով  զորահավաք սկսելու մասին տեղեկություններին, Արծրուն Հովհաննիսյանը  նշեց, որ երկրում  զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել պաշտպանության նախարարությունը: Ինչ վերաբերում է լուրերին, թե Ադրբեջանում արդեն զորահավաքը սկսվել է, ՊՆ մամուլի քարտուղարն ասաց, որ  այդ մասին տեղեկություններ չունի: 

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Հետևեք մեզ նաև Telegram-ում