Ադրբեջանն արտաքին աջակցություն ուներ լայնածավալ գործողություններ սկսելու. փորձագետներ

Ադրբեջանն արտաքին աջակցություն ուներ լայնածավալ գործողություններ սկսելու. փորձագետներ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ եթե մինչև ապրիլյան պատերազմը իշխանությունների համար ներքաղաքական կոնֆիգուրացիան հստակ գծագրված էր, ապա պատերազմական գործողություններից հետո այն անկանխատեսելիության որոշ էլեմենտներ է պարունակում: Լրագրողների հետ հանդիպմանը վերլուծաբանը հիշեցնում է՝ սկսած 1988 թվականից  ՀՀ-ում միշտ էլ ներքաղաքական զարգացումների, իշխանության ձևավորման տարբեր կոնֆիգուրացիաների վրա էական ազդեցություն է ունեցել արցախյան գործոնը. պալատական միակ իշխանափոխությունը հենց այս գործոնի ներքո տեղի ունեցավ: 

«Այժմ իրավիճակը ինչ-որ չափով նույնն է։ Նորից սեղանին են դրված Մադրիդյան սկզբունքները, որոնք շատ նման են այն ժամանակվա փաթեթային տարբերակին»,- ասաց վերլուծաբանը և պատահական չհամարեց այն, որ նորից ակտիվ խաղի մեջ է մտցվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը նաև վտանգահարույց է և մտահոգիչ. «Նա հայտնի է իր լայն կոմպրոմիսի գնալու ունակությամբ, որը ժամանակին պարտվողական էր կոչվում և տեղի ունեցավ 98-ի պալատական իշխանափոխությունը»:

Ըստ Հակոբյանի՝ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմը որոշակիորեն փոխեց նաև հասարակության տրամադրություններն աշխարհաքաղաքական վեկտորների առումով. այսօր նա այլևս իր իր անվտանգության երաշխիքները չի կապում միայն ու միայն ՌԴ-ի հետ:

Հանդիպմանը ներկա քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին պնդեց, որ ապրիլյան պատերազմը չփոխեց ոչ հասարակությանը, ոչ էլ առավել ևս իշխանությանը, ինչի վկայությունը Հրազդանի ընտրակաշառքներով ընտրությունների արդյունքն է և մոնոպոլիան, որն արմատախիլ անելու որոշում այդպես էլ չեղավ:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հիշեցրեց, այսպես ասած, Լավրովի պլանի մասին և այստեղից էլ կարծիք հայտեց, թե հնարավոր է հենց ՌԴ-ի ձեռքից նախաձեռնությունը վերցնելու համար Արևմուտքը հրահանգեց Ադրբեջանին անցնել ռազմական գործողությունների:

Անդրադառնալով  Ադրբեջանի՝ լայնածավալ գործողություններ պլանավորելու  հիմքերին, քաղտեխնոլոգները միանշանակ  նշեցին, որ ապրիլյան պատերազմը չէր կարող սանձազերծվել առանց արտաքին գործոնի կամ «դոբրոյի»: Օրինակ՝ այն կարող էր լինել ՌԴ-ի իմացությամբ, բայց որոշակի սահմաններում, քանի որ ըստ Արմեն Բադալյանի, հնարավոր է, որ լայնամասշտաբ պատերազմ լինի, սակայն Ռուսաստանը թույլ չի տա, որ Ադրբեջանը հասնի լայնածավալ արդյունքների:

«Եթե լուծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, դա նշանակում է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում կորցնում է ազդեցության շատ ուժեղ լծակ, որով ճնշում է գործադրում և Ադրբեջանի, և Հայաստանի վրա: Այսինքն՝ եթե այս կոնֆլիկտը չլինի, հնարավոր է երկուսն էլ գնան Արևմուտք կամ վերջինը  երկուսին էլ վերցնի»,-ընդգծեց վերլուծաբանը՝ հավելելով, որ Անդրկովկասը ԼՂՀ-ով ուրիշ Անդրկովկաս է: 

«Կան աշխարհաքաղաքական կենտրոններ, ովքեր շահագրգիռ չեն, որպեսզի այս տարածաշարջանում ռադիկալ լուծումներ լինեն, քանի որ այս կոնֆլիկտի առկայությունն է թույլ տալիս կառավարել ռեգիոնը»,– լրացրեց  քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ չբացառելով Արևմուտքի հրահրումն Ադրբեջանին.«Գուցե արևմտյան կողմը հրահանգեց, որ Լավրովի ծրագիրը չեղյալ լինի, հնարավոր է դա էլ լինի, դրա համար կարող ենք ընդամենը ենթադրել, բայց որ Ադրբեջանին աջակցություն կա ռազմական գործողություններ սկսելու դա արդեն տեսանելի էր»:

Վ.Հակոբյանի խոսքով, արդեն հասունացել է պահը, որ համանախագահների կողմից նոր փաստաթուղթ առաջարկվի, քանի որ բանակցությանների սեղանին դրված փաստաթուղթը երկու կողմին էլ ձեռնտու չէ.«Լավագույն դեպքում, կարծում եմ, համանախագահները կարող են նոր առաջարկներ մտածեն»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ բանակցությունների մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ իրավիճակը չի հանդարտվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում