Հայաստանում ավտոբուսների արտադրություն կկազմակերպվի
Նմանատիպ
Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը’ շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A. KGmbH» ընկերությանը։
Կառավարության այս որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա յոթ տարվա համար կազմում է մեկ մլն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։
Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում, ներկայացված գործարար ծրագրին համապատասխան, կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն’ յոթ տարվա ընթացքում ներդնելով յոթ մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ’ յուրաքանչյուր տարի հավասարաչափ։
Հիշեցնելով, որ կառավարության նախորդ նիստերից մեկում վարձակալի ներկայացրած ծրագիրը հավանության է արժանացել, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշումը նախորդի շարունակությունն է և թույլ կտա ՀՀ-ում արագորեն կազմակերպել ավտոբուսների արտադրություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում