ԱԶԿ-ն արտահերթ համագումար է հրավիրում. Դավութօղլուին հնարավոր է փոխարինի Էրդողանի փեսան

ԱԶԿ-ն արտահերթ համագումար է հրավիրում. Դավութօղլուին հնարավոր է փոխարինի Էրդողանի փեսան

Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայում քաղաքական կուլիսներում գնալով թեժանում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև առկա տարաձայնությունների և վարչապետի հնարավոր հրաժարականի մասին քննարկումները:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ- AKP) մայիսի վերջին արտահերթ համագումար կհրավիրի: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այսօր կայանալիք ԱԶԿ նիստից հետո՝ ժամը 11-ին, վարչապետը թեմայի առնչությամբ մամուլի ասուլիս կկազմակերպի, հաղորդում է Ermenihaber.am-ը:

«Hürriyet»-ի թղթակից Աբդուլքադիր Սելվին այս մասին հայտնում է. «Տեղեկություններ են ստացվել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագումար հրավիրելու վերաբերյալ: Վարչապետ Դավութօղլուն հայտարարությամբ հանդես կգա, սակայն թեկանծություն չի դնի: Մենք, իհարկե, դա հաստատ չենք կարող իմանալ, մինչև ինքն այդ մասին չհայտարարի, սակայն միանշանակ է, որ մինչև համագումար չհրավիրվի, այս տարակարծությունը չի հանգուցալուծվի»:

Աղբյուրը ընդգծում է, որ Դավութօղլուն Էրդողանին մոտ կանգնած դեմքերից մեկն է և վարչապետի պաշտոնում է արդեն 21 ամիս: Էրդողանն ու Դավութօղլուն ներդաշնակ գործել են Սիրիայի, Եգիպտոսի, այսպես կոչված «զուգահեռ կառույցի» հետ կապված խնդիրների շրջանակներում: Նույնիսկ երբ Դավութօղլուն ընտրվել է վարչապետի պաշտոնում, մեկնաբանություններ են եղել, որ դրանում մեծ է Դուվութօղլուի՝ Էրդողանի գաղափարակիցը լինելու գործոնի ազդեցությունը:

Այունամենայնիվ, վերջին շրջանում երկու գործիչների միջև լուրջ հակասություններ էին առաջացել:

Ապրիլի 29-ին տեղի ունեցած ԱԶԿ նիստի ժամանակ կուսակցության գործադիր խորհուրդը կուսակցապետի օգնականին զրկել էր ԱԶԿ-ի նահանգային և շրջանային ենթակառույցների ղեկավարներ նշանակելու իրավունքից: Դա, ըստ էության, ավելի շատ նշանակում էր, որ նշյալ իրավունքից զրկվում է հենց ինքը՝ կուսակցապետ Ահմեթ Դավութօղլուն: Ընդ որում, հարցը օրակարգ էր բերվել 51 հոգանոց ժողովի 47 անդամի համատեղ ստորագրությունը կրող դիմումով:

Դրանից հետո տեղի ունեցած ԱԶԿ խմբակցական նիստի ժամանակ Դավութօղլուն հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարվել ցանկացած պաշտոնից, սակայն չի պատրաստվում կոտրել որևէ գաղափարակից ընկերոջ սիրտը:

«Այս ամենը քննություն է: Մեր վստահած ճշմարիտ ուղուց, անբիծ ու մաքուր քաղաքականությունից հետ չենք կանգնելու»,- ասել էր Դավութօղլուն: Այս ելույթը որոշ ուժերի կողմից մեկնաբանվել էր որպես պայքարելու պատրաստականություն, իսկ որոշներն էլ դրանում հրաժարականի ակնարկ էին տեսել:

Ի դեպ, Դավութօղլուին հնարավոր հինգ փոխարինողների շարքում հավանական է համարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի նշանակումը վարչապետի պաշտոնում: Մյուս թեկնածուներն են՝  Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը, Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, Առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում