«Հրազդան-Ցեմենտ»-ի խնդիրը խորքային լուծում է պահանջում

«Հրազդան-Ցեմենտ»-ի խնդիրը խորքային լուծում է պահանջում

Կառավարությունը այսօր դրական եզրակացություն տվեց «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Ընկերության հիմնավորմամբ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ: 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած պարտավորությունների ընդհանութ գումարը կազմել է 933.3 մլն դրամ, որից տույժերը` 504923.4 հազար դրամ:

Խնդրին լուծում տալու նպատակով, առաջարկվում է ընկերության կողմից պետական բյուջեի հանդեպ կուտակած հարկերի մասով առաջացած տույժերի ներման միջոցով` հնարավորություն ընձեռել Ընկերությանը շարունակելու արտադրական գործունեությունը, որի արդյունքում կմարի պարտքի մայր գումարները ժամանակացույցով:

Կարևոր հանգամանք է այն, որ Ընկերության գույքը և հաշիվները գտնվում են արգելանքի տակ և գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի արդյունքում կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը: Ինչպես նաև այն, որ գույքի հարկադիր վաճառքից պետական բյուջեի մուտքեր չեն ապահովվի, քանի որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում և վերջինիս է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը:

Նշենք, որ գործարանը հանդիսանում է տարածաշրջանի առաջատարը, ինչպես նաև Ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատու կազմակերպություն է, որի արտադրանքի ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում կազմել է 2.7 մլրդ ՀՀ դրամ:

Կարևոր է նաև այն, որ գործարանը ունի ընդլայնման ներուժ և այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ:

Հիշեցնենք, որ նախագիծը մեկ անգամ արդեն ներկայացվել է ԱԺ, որտեղ երրորդ ընթերցման ժամանակ, քվորում չապահովելու հետևանքով՝ չի ընդունվել: Օրենսդիրը պետք է հաշվի առնի այն, որ կշեռքի նժարին է դրված ավելի քան 450 աշխատատեղի պահպանման խնդիր, ինչպես նաև մի գործարանի ճակատագիր, որը մեծ ներուժ ունի հանրապետության մշակող արդյունաբերության արտահանելի հատվածի ընդլայնման գործում:

Այլ կերպ ասած, օրենսդրի կողմից նախագծի տապալումը ամենևին խնդրի լուծում չէ և ավելին՝ վերջինս լուրջ անելիք ունի հարկային իրավախախտումների հետևանքով գոյացող տույժերի և տուգանքների հաշվարկային մեխանիզմների և մեծությունների վերանայման գործում, դրանց համաչափության պահպանման հարցում: Այսինքն՝ տուգանքը պետք է ծառայի իր նպատակին, այն է՝ կանխարգելել և պատժել օրինախախտումները, և ոչ թե ամբողջովին կաթվածահար անել և ոչնչացնել տնտեսվարողին: Պետք է նշենք, որ այս խնդրի հետ առնչվում է իրավախախտում թույլ տված ցանկացած տնտեսվարող: Իսկ եթե վերջիններս «Հրազդան-Ցեմենտի»-ի նման ծանրակշիռ չեն, ապա դատապարտվում են անփառունակ վաղճանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում