Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է գործել
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանն և ընդդիմադիր այլ գործիչներ «օր առաջ խոսքից անցնեն գործի»: Պատասխանելով ընդդիմադիր ոչ շատ հայտնի կայքերից մեկի այն հարցին, որ ինքը փաստորեն հրաժարվել է իշխանության դեմ պայքարից՝ Տեր-Պետրոսյանն ասել է, «Եթե իշխանության դեմ պայքարը առաջադրվելու կամ չառաջադրվելու մեջ է, ապա պետք է ընդունել, որ Հայաստանում այդ առումով ամենաշատը պայքարել են Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը եւ Արտաշես Գեղամյանը, որոնցից յուրաքանչյուրը, եթե չեմ սխալվում, արդեն երեք-չորս անգամ է առաջադրվել»:
Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև իր դեմ ուղղված այն մեղադրանքին, համաձայն որի անցած տարիների ընթացքում պետք է արժանի փոխարինող ասպարեզ բերեր: «Այդ առթիվ գուցե տեղին է հրապարակայնացնել Վանո Սիրադեղյանի հետ կապված մի ուսանելի դրվագ։ ՀՀՇ վարչության նիստերից մեկում ընթացող քննարկման ժամանակ Վազգեն Մանուկյանը, չդիմանալով Վանոյի լուրջ փաստարկներին, հունից դուրս եկավ ու գոռաց.– «Վանո, ո՞նց ես հետս վիճում, չէ՞ որ ես եմ քեզ քաղաքական գործիչ դարձրել»։ –«Բա ինչի՞ Խաչիկ Ստամբոլցյանին չկարացար դարձնել»,– վայրկենապես հակադարձեց Վանոն, ինչից Վազգենը պարզապես գունատվեց ու պապանձվեց։ Առակս ցուցանէ, որ ընդդիմության դաշտում ոչ ոք ոչ ոքի չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել. քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում