Ռոբերտ Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետած անձը չի կալանավորվի

Ռոբերտ Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետած անձը չի կալանավորվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը չի կալանավորվի: Վերաքննիչ դատարանը մերժել է գործով վերահսկողություն իրականացնող դատախազի բողոքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հովհաննես Մուրադյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը: «Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Հովհաննես Մուրադյանին կալանավորելու որոշումը, որի վերաբերյալ գործով վերահսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը, ինչը նշանակում է, որ Հովհաննես Մուրադյանը չի կալանավորվի»,- պարզաբանեց Ֆարմանյանը:

Նա հայտնեց, որ Հովհաննես Մուրադյանը «Նուբարաշեն» հոգեբուժարանում ստացիոնար դատաբժշկական փորձաքննություն է անցնում:

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հովհաննես Մուրադյանը ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ՝ խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը։

Բացի այդ, ըստ աղբյուրի, Մուրադյանիի բնակարանում, օրենքով սահմանված կարգով, ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել և առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում