«168 ժամ». Արամ Հարությունյանին թիկնապահ պետք է, Արման Մելիքյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ոչ
Նմանատիպ
«Ես այս երկրում թշնամիներ չեմ տեսնում եւ որեւէ մեկի հանդեպ թշնամանք չունեմ: Ապրում եմ սովորական կյանքիս ռեժիմով եւ այդ ռեժիմը փոխելու իմաստը չեմ տեսնում այս պահին»,- «168 ժամ» թերթին ասել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը’ անդրադառնալով ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությանը:
«Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնել երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը, ըստ իրենց դիմումի՝ տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ:
Արման Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ նախորդ տարիներին հստակ ընդդիմադիր դիրքորոշում է ունեցել, սակայն երբեւէ որեւէ սպառնալիք որեւէ մեկի կողմից, այդ թվում եւ իշխանությունների՝ չի եղել եւ երբեւէ ճնշումների չի ենթարկվել:
Ի տարբերություն Արման Մելիքյանի’ նախագահի մեկ այլ թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը պնդում է, որ իր հասցեին սպառնալիքները հնչում են: «Արդեն սպառնալիքները սկսել են, եւ ես միգուցե օգտվեմ, չնայած այս իշխանություններին չեմ վստահում»,- ասաց Արամ Հարությունյանը’ հավելելով, որ առաջիկայում ուղիղ եթերով ինքը կհայտարարի, թե ինչ շանտաժների եւ սպառնալիքների մասին է խոսքը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում բացառեց, որ իրենց կուսակցության առաջնորդը կարող է օգտվել ոստիկանության առաջարկած օգնությունից: «Չէ, չէ, Րաֆֆի Հովհաննիսյանին հաստատ թիկնապահ պետք չէ»,- վստահեցրեց Արմեն Մարտիրոսյանը»,- գրում է «168 ժամը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում