Հարսանիք լեռներում. այն կոտրեց թշնամու ողնաշարը (տեսանյութեր, ֆոտո)
Նմանատիպ
24 տարի առաջ մեր լեռներում Հարսանիք եղավ:
Հարսանիք, որը «խրախճանք» չէր և միայն երկու հոգու ճակատագիր չէ, որ «որոշելու» էր, այլ մի ամբողջ ժողովրդի, լուրջ նախապատրաստություն էր պահանջվում, հատկապես երբ մարդկային և տեխնիկական ռեսուրսը, ըստ օրինաչափության, բավարար չէր մի ամբողջ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ կյանքն ապահովելու համար, ուստի անհրաժեշտ էր քառապատկել ոգու և մտքի ուժը:
Խոջալուի ազատագրումից անմիջապես հետո` 1992-ի մարտ-ապրիլ ամիսներին արդեն մշակվեց Շուշիի ազատագրման պլանը, մինչ այդ հետախուզական խմբերը սկսեցին մանրազննին ստուգել և ճշգրտել հակառակորդի ուժերի տեղակայման վայրերը, դիրքերն ու քանակական տվյալները: Ըստ ռազմագիտական օրենքների, մենք` որպես հարձակվող կողմ, պետք է 3 անգամ ավելի շատ զինվոր ունենայինք, ինչպես մի առիթով նշել է Կոմանդոսը. «Այդ ժամանակ Շուշիի ազատագրման համար մենք ունեինք 3500 մարդ, իսկ թշնամին` 2500, մեզ անհրաժեշտ էր 7500-ից 10.000 զինյալ»: Բայց նպատակը կար և պետք էր առաջ գնալ. արդեն ապրիլի 28-ին որոշված էին հարձակման գլխավոր ուղղությունները, մեր և հակառակորդի հնարավորությունները` աշխարհագրական, մարդկային և ռազմատեխնիկական, հաշվարկներում չսխալվելու համար Լեոնիդ Մարտիրոսովը հանձնարարել էր ստեղծել Շուշիի մանրակերտը:
Կարագյավ գյուղից մինչև Քիրս մոտ 40 կմ ձգվող ռազմաճակատի գծով նախատեսված էր հարձակման 4 ուղղություն`
առաջինը, որը հյուսիսային կամ 26-ի ուղղությամբ էր, հրամանատարը Վալերի Չիթչյան էր,
երկրորդը Շոշի (արևելյան) ուղղությամբ էր, գործողությունները ղեկավարում էր հրամանատար Արկադի Կարապետյանը,
երրորդ՝ հարավային (Լաչինի) ուղղության ղեկավարումը վստահված էր Սամվել Բաբայանին,
չորրորդ` Ջանհասան-Քյոսալարի ուղղությամբ (հարավարեւմտյան) հրամանատարությունը ստանձնել էր Սեյրան Օհանյանը:
Յուրաքանչյուր խումբն ուներ իր գլխավոր առաջադրանքը. առաջին և երկրորդ ուղղություններին հանձնարարված էր ճանապարհին ոչնչացնելով հակառակորդի կրակակետերը հասնել Շուշիի պարիսպներին, ճեղքել պաշտպանությունը և մտնել քաղաք:
Երրորդ ուղղությամբ գործող ուժերը Շուշի-Լաչին մայրուղով պետք է ապահովեին Շուշին գրոհող զորամիավորումների թիկունքը Կուբաթլուի շրջանից հակառակորդի հնարավոր հարձակումից և փակեին Լաչին-Շուշի ճանապարհը, վերջին ստորաբաժանմանը հրահանգված էր հակառակորդի ուշադրությունը շեղել հիմնական գործողություններից:
Ինքնապաշտպանական ուժերի ղեկավարման պարտավորությունները վերապահվել էր Արկադի Տեր-Թադևոսյաին (Կոմանդոս):
Ի դեպ, ստեղծված էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում, որի հրամանատարն էր Յուրա Հովհաննիսյանը, և մոտ 300 հոգանոց պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին: Այս գործողություններում «հզոր ձեռք էր» Շուշիի առանձնակի գումարտակը:
Անկախ քաղաքական հայացքներից բոլորը հասկանում էին` անիրական թվացող վերջնական հաղթանակի պահը հասունացել էր և մայիսի 8-ի գիշերը ժամը 02։45-ին, սկսվեց բերդաքաղաքը 72 տարվա օկուպացիայից ազատագրելու «Հարսանիքը լեռներում» օպերացիան: Ի դեպ, նախքան մայիսի 8-ը, Շուշին ազատագրելու մի քանի փորձեր եղան, իսկ արդեն մայիսի 8-ին վերջին անգամ գործի դրվեց Շուշիի ազատագրման գործողությունների պլանը: Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր:
«Հարսանիք լեռներում» օպերացիայի հաղթական ելքը կոտրեց թշնամու ողնաշարը, կրկնապատկեց հայկական զինուժի ոգին, այս հաղթանակը բեկում մտցրեց տնտեսական-ռազմական և քաղաքական առումով: Եթե հայկական կողմին չհաջողվեր ազատագրել Շուշին, սպառնալիքի տակ կհայտնվեր Ստեփանակերտը, մայրաքաղաքը 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիի, Ջանհասանի, Քյոսալարի, Ղայբալուի կողմից պարբերաբար գնդակոծվում էր թշնամու «Գրադ» կայանքներից: Ասվածի լավագույն հաստատումը ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի պնդումն է. «Ով տիրում է Շուշիին՝ կտիրի Արցախին, իսկ ով տիրեց Արցախին՝ կտիրի Կովկասին…..» :
Հետևեք մեզ նաև Telegram-ում