ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով. Միրզոյանը Զալբերիին (տեսանյութ)

ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով. Միրզոյանը  Զալբերիին (տեսանյութ)

Մայիսի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը Հերբերտ Զալբերին տեղեկատվություն է ներկայացրել ապրիլի սկզբին ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994 թ․ հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրի աննախադեպ խախտում էր։ Կարեն Միրզոյանը նշել է, որ ձգտելով տապալել բանակցային գործընթացը և մերժելով իրավիճակի կայունացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, Ադրբեջանը փորձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով, պատերազմի օրենքների և սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։

Կարեն Միրզոյանը նաև հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները բազմիցս նախազգուշացրել են միջազգային հանրությանը, որ վճռական և հասցեական քննադատության բացակայությունը Բաքվի մոտ ստեղծում է ամենաթողության կեղծ զգացողություն և ճանապարհ հարթում նորանոր արկածախնդրությունների համար։

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդգծել է դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելությունների կարևորությունը՝ ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետևանքների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար։

Կողմերը նշել են իրավիճակի ապակայունացման հետագա փորձերը բացառելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու ջանքերի կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում