Պետք է գնահատել արժեքը մետրի ու մարդու. ինձ համար շատ ավելի կարևոր են զինվորներն ու սպաները (տեսանյութ)

Պետք է գնահատել արժեքը մետրի ու մարդու. ինձ համար շատ ավելի կարևոր են  զինվորներն ու սպաները (տեսանյութ)

Վիենայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է. «Մեր նպատակն է, որ մեր խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանել»:

Հարցին՝ խոսվե՞լ է, որ եթե սկսվեն բանակցությունները, ապա ո՞ր կետի, Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ բանակցությունների մասին  չեն խոսել, այլ հրադադարի պահպանումից. «Իհարկե, խոսք եղել է, որ լավ կլինի տեսանելի ապագայում հանդիպում լինի, բայց պայմանների մասին չենք խոսել, խոսել ենք հրադադարի ռեժիմի պահպանման մասին: Ես ցանկություն եմ հայտնել, որ եթե լինելու է հանդիպում, ապա լինի մոնիտորինգի հաստատումից հետո»: Սերժ Սարգսյանը այստեղ շեշտել է՝ խնդրողի վիճակում չէինք մոնիտորինգի ռեժիմ հաստատելու:

Անդրադառնալով ապրիլյան պատեազմի արդյունքներին, և թե ինչ ասել է հաղթանակ և պարտություն,  ՀՀ նախագահը նշել է, թե հաղթանակը կամ պարտությունը կախված է նրանից, թե դու ինչ նպատակ ես դրել և արդյոք կարողացել ես հասնել քո նպատակին: 

«Այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացոթյուններ անենք, կուրծք ծեծենք և ասենք` մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիպել եմ, կարող եք հարցնել մեր Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռևս տարիներ առաջ և ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր Զինված ուժերի, Անվտանգության համակարգի առջև՝ թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում, այսինքն` ձախողել հակառակոդի ծրագրերը: Կարծում եմ` բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին: Այսինքն՝ եթե Զինված ուժերը, անվտանգության համակարգն այդ խնդիրը կատարել են, ապա ինչպես ուզում եք դա կոչեք: Ուզում եք ասեք, որ մարդիկ արհեստավարժորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրը, ուզում եք ասեք, որ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը: Արդյունքում` գալիս ենք նրան, որ նրանք խնդիրը կատարել են: Ես համարում եմ, որ մեր Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը կատարել են»,-ասել է  նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, միշտ կարելի է ժողովրդահաճո հայտարարություններ անել և ասել, եթե ինձ թույլատրեին, ապա ես կգնայի ավելի առաջ: Ըստ նրա` դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական գործից:

«Կամ մարդիկ, որ  միգուցե վառոդի հոտ զգացել են, բայց դրանից հետո հաղթական զեկույցներ չեն տվել, իսկ հիմա ուրիշերի հաշվին ուզում են երևալ շատ մեծ հայրենասերներ և հավերժ պատերազմի կոչ են անում: Մեզ հավերժ պատերազմ պետք չէ: Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության և գուցե հասնեն հաջողության, գուցեև՝ ոչ: Մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները: Եվ դրանք կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր փորձում են խնդիրներ, թերություններ գտնել, գործին չեն աջակցում: Նրանց նպատակն իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է»,-շարունակել է նա:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է  նաև տարածքների կորստի մասին խոսակցություններին. «Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, բացի դրանից գոյություն ունի գնահատական: Ինչ-որ մի բան կոցրել ես, բայց այդ մի բանը ինչ նշանակություն ունի մարտավարական, ռազմավարական, հոգեբանական տեսանկյունից: Նախ եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը. հայկական ուժերը որպես անվտանգության գոտի, ունեին 800 հազար հա, կորցրել են 800 հա: Մեկ հազարերրոդն էլ չկա: Ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են: Բայց ուզում եմ մի համեմատություն անել: 800 հա, և յուրաքանչյուր հա-ի համար` մեկ զոհ, երկու վիրավոր, ենթադրենք, ճիշտ թվերը իրենք գիտեն: Բայց նույնիսկ, եթե կես զոհ, մեկ վիրավոր, էլի շատ է: Համեմատեք տեսեք՝ այդ 800 հազար հա-ը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային: Երբ ես ասում եմ, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք մեր զինված ուժերն ի վիճակի էին ստատուս քվոն վերականգնելու, ընտրության խնդիր էր: Արդյո՞ք արժե այդ 800 հա-ի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը դեռևս շատ ենք ունենալու: Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Այդպիսի մարդկանց նա առաջարկում է անձամբ գնալ և վերցնել, ոչ թե ուրիշներին խորհուրդ տալ: Պետք է հասկանալ իրավիճակը և գնահատել արժեքը մետրի ու մարդու: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում