17
+41°C

Առաջին փուլով կրճատվելու է 797 ծառայողական ավտոմեքենա

Առաջին փուլով կրճատվելու է 797 ծառայողական ավտոմեքենա

Ի կատարումն կառավարության նախորդ նիստի՝ վարչապետի կողմից տրված հանձնարարականի բոլոր կետերով աշխատանքները սկսված են, ինտեսիվ ընթանում են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ավտոմեքենաների կրճատումը կլինի փուլային եղանակով, մասնավորապես, առաջին փուլով կկրճատվի 797 մեքենա:

«Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև աշխատել ենք բոլոր առընթեր մարմինների՝ բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության և քննչական, ինչպես նաև փրկարար ծառայության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ պետբ յուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվել է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, Փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում՝ 690 ավտոմեքենա: «Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Միաժամանակ, նա առաջարկեց ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել կառավարության հաջորդ նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների վերոնշյալ քանակի, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:

«Ի լրումն նշածիս՝ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով առաջինը՝ արգելվում է սպասարկվող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձին: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկվող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ:

Երկրորդ՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:

Երրորդ՝ պետք է արգելվի պետական ոչ առևտրային կազմակերպություններին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին՝ ծառայողական նպատակներով օգտագործելու համար: Ավտոմեքենաների կրճատման աշխատանքները շարունակվում են»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Բացի այդ, ըստ նրա, առաջարկվում է, որպեսզի բյուջետային միջոցները խիստ նպատակային և ադյունավետ օգտագործվեն, կա հանձնարարական պետական իշխանության կառավարման մարմիններին՝ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված, ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտարերկյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը:

Միջծրագրային, միջհոդվածային, միջեռամսյակային, ներհոդվածային, այդ թվում՝ գնումների անվանացանկի փոփոխությունները , բոլոր այդ վերաբաշխումները համաձայնեցվելու են վարչապետի հետ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում