«Այդպիսի տեղեկություններ մենք չունենք». Նախարարը՝ բանակում բենզինի գողությունից

«Այդպիսի տեղեկություններ մենք չունենք». Նախարարը՝ բանակում բենզինի գողությունից

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է. վերջին ժամանակահատվածի հետ համեմատ՝ այսօր ամենաքիչն են եղել կրակոցներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն՝ բոլոր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը և պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրները կատարել:

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի պահվածքի մասին Վահան Բադասյանի հայտարարությանն անդրադառնալով Սեյրան Օհանյանը նշեց, որ գեներալը  մեծ առաքելություն է իրականացնում և  իր կամավորականների կազմով գտնվում է ՊԲ-ում, երկրորդ՝ լինելով ԵԿՄ վարչության նախագահ լուրջ աշխատանք է տանում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Իսկ Բադասյանի հայտարարությունից նախարարը տեղյակ չէ:

Խոսելով վերջերս մահացած զինծառայողի հոր հայտարարության մասին, թե իր որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են, քանի որ  փորձել է կանխել բանակում բենզինի գողությունը, նախարարը վստահեցրեց, որ դեպքին տեղյակ է, բայց ոչ բենզինի գողության փաստերին. «Այդպիսի տեղեկություններ մենք չունենք»:

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ  հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները կզբաղվեն այդ հարցով և համապատասխան գնահատական կտան:

Տեսանյութն՝ Araratnews-ի

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում