Ուսուցիչները բողոքում են իրենց խանգարող գովազդի դեմ

Dasaran.am կայքն որպես աշխատանքային գործիք օգտագործող ուսուցիչներից մեկը՝ Աղասի Միքայելյանը, որը նաև Facebook սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր է, իր էջում անդրադարձել է ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների առցանց աշխատանքին խանգարող կարևոր հանգամանքի։ Նա հանրության և Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ հիշատակված կայքում, որտեղ երեխաները ստանում են տնային հանձնարարականներ, իսկ ծնողները հետևում նրանց առաջադիմությանը, սկսել են գովազդ վաճառել։

«Այդ կայքը ես մինչև հիմա օգտագործում եմ, որպես աշխատանքային վայր: Տեղադրում եմ աշակերտների գնահատականները, տեղադրում եմ տնային հանձնարարությունները: Այս շաբաթվա սկզբում բացում եմ կայքը ու Բարբի տիկնիկի գովազդ է դրված: Ի՞նչ է սա: Հաճախ գրում եք, որ այս կայքը ի վերջո փոխարինելու է մատյաններին: Մատյանների վրա ոչ ոք Բարբի տիկնիկի նկար չի փակցնում», – գրում է ուսուցիչը:

Միքայելյանը նաև տեղեկացրել է, որ իր տեղադրած տնային հանձնարարությունները ամեն օր նայում են 96 աշակերտներ և ծնողներ: «Ինչու՞ պիտի իմ աշխատանքի հաշվին, ինչ որ մեկը գովազդ տեղադրելով գումար աշխատի: Ես սա գրում եմ նաև Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների անունից՝ նրանց համաձայնությունն ունենալով», – նշել է Աղասի Միքայելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում